Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/30

Այս էջը հաստատված է

ՊԵՏԵՐՈՒՐԳ

(ՍՈՆԵՏ)

Մառախուղներ` ծանր ու մռայլ բոլորած,
Ցուրտ կրակներ` ահաբեկ ու դողդոջուն,
Նևա՜ն, Նևա՜ն, մի՛շտ դավադիր, չի ննջում,
Վետերը` մութ, օձանման ոլորած։
Եվ պալատներ — արյունաներկ անրջում —
Արքայական — սևախորհուրդ ու սառած —
Բյուր աչքերը խոժոռ ու չար սևեռած
Դիվային ինչ ոճիրներ են անրջում:

Ու երկինքն` ամպ, որ հենվել է սև գետին,
Հայացքով իր անաստղ, անխինդ ու մռայլ
Նայում է միշտ այնպես ցուրտ ու անայլայլ,
Որ անսփոփ` աչքըդ նետում ես գետին։
Բայց դյութիչ է մղձավանջն այս դժնափայլ,
Որ գրկում է քեզ ահերով իր մթին…