Ոսոխ տեգերը
Խայթեցին քեզ,
Թեքվեց գլուխըդ,
Թեքվեց գլուխըդ անզոր ու հեզ։
Փոքրիկ իմ տղա,
Մանկիկ իմ սիրուն
Չես վերադառնա,
Դու չես դառնա տուն…
Ջարդ էր, կոտորած,
Չըփախար, փոքրիկ,
Մնացիր փռված
Ճամփի մեջ լռիկ։
Եվ թշնամու ձին
Արեց ոտնատակ,
Թշնամու չար ձին —
Քո սիրտը հստակ։
Փոքրիկ իմ տղա,
Մանկիկ իմ սիրուն,
Չես վերադառնա
Դու չես դառնա տուն…