Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/323

Այս էջը հաստատված է

ներկայցնելով իբրև նոր բանաստեղծություններ։ Մինչդեռ Տերյանի ձեռագրերը ոչ միայն միշտ մաքուր չեն, այլև քիչ են այնպիսիները, որոնց վրա ջնջումներ և ուղղումներ չլինեն։

Երբեմն ոչ միայն չի պարզվել «հեղինակի վերջին կամքը», այլև շփոթվել են սևագիրն ու մաքրագիրը, բանաստեղծությունն ու տարբերակը, «ծրագիրն» ու ավարտված ինքնագիրը։ Առանձին դեպքերում Տերյանի պոեզիան «լրացվել է»… ուրիշների գրածներով։ Այսպես օրինակ, 1940 թվականին մամուլում իբրև Տերյանի անտիպ բանաստեղծություն տպագրվեց «Ընկեր»-ը («Գրական թերթ», 1940, № 23, 20 օգոստոսի)։ Դրանից հետո այն մուծվեց Տերյանի երկեր»—ի 1956 թ. հրատարակություն (էջ 365)։

«Ընկեր» բանաստեղծության ինքնագրի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ձեռագիրը ոչ մի նմանություն չունի Տերյանի ինքնատիպ, Չարենցի զմայլանքին արժանացած «չքնաղ, ազնվական գրերին», նրա ողջ ստեղծագործության պես «նուրբ ու մաքուր» ձեռագրին։ Պարզվեց, որ «Ընկեր» բանաստեղծություն հեղինակ «Վ. Տ.»—ն դրամատուրգ, թարգմանիչ և թատերական գործիչ Վահան Տիրացյանն է, իսկ «Ընկեր» գրագետ մարդու գրած ոտանավոր և ոչ Տերյանի հրաշակերտներից (այս մասին մանրամասն տե՛ս մեր՝ «Տերյանի գիրը ուրիշ գրեն է» հոդվածը, «Գրական թերթ», 1961, № 3, 13 հունվարի)։

Տարիներ շարունակ իբրև տերյանական անտիպ ընթերցողին է ներկայացվել Բրյուսովի «Արարատի մոտ» բանաստեղծության կիսատ և անմշակ թարգմանությունը («Գոհություն և փառք, Բրոնոս սրբազան» տողով սկսվող)։ Արտասահմանյան մի հրատարակության մեջ Տերյանին է վերագրված պրոֆ, Ա. Ղարիբյանի «Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր»-ը (տե՛ս մեր՝ «Ո՞ւմ «աչերն են մեղավոր» հոդվածը. «Գրական թերթ», 1961, № 21, 21 մայիսի)։ Ռադիոյով տարիներ շարունակ հաղորդվող «Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ» երգի (խոսք Դևի) խոսքի հեղինակ էր հայտարարվում Տերյանը։ Մենք, խմբագրության հետ միասին, ստիպված ենք հրաժարվել նաև «Երեքհատորյակ» մուծված «Ես սիրեցի…» բանաստեղծությունից, որովհետև անցած ավելի քան տասը տարում չհաջողվեց գտնել այդ գործի ինքնագիրը, իսկ ըստ մեքենագրված օրինակի անհնար է հաստատել դրա Տերյանին պատկանելը։ Երբեմն օտարամուտ բանաստեղծությունների հիման վրա նաև դատողություններ են արվել Տերյանի աշխարհայացքի» և «ոճի ու լեզվի» մասին։ Մենք բավականին հիմնավոր կասկածներ ունենք նաև մի քանի այլ բանաստեղծությունների՝ Տերյանին պատկանելու մասին։ Բայց, որքան էլ հիմնավոր, դրանք առայժմ սոսկ կասկածներ են։

Ուզում ենք հատկապես նշել այս հատորը տպագրության պատրաստելու դժվարությունների մասին։ Հատորում դրված են Տերյանի հետմահու հրատարակված բանաստեղծությունները և դժվար է որոշել «հեղինակի վերջին կամքը», ասել, օրինակ, թե մեզ հասած նույն բանաստեղծության կամ թարգմանության ինքնագրերից որի՝ վրա է Տերյանը կանգ առել կամ համարել ավելի մշակված։

Բազմաթիվ բանաստեղծությունների ինքնագրերի տողերի ու առանձին բառերի վրա Տերյանը գրել է նոր տողեր ու բառեր։ Եթե վերևը նորը գրելով տակինը ջնջել է, հասկանալի է, որ ընտրել է նորը։ Բայց շատ են դեպքերը, երբ չի ջնջել տողը կամ բառը, բայց վերևը ավելացրել է նոր տողեր ու բառեր։ Այդ նշանակում է հեղինակը վերջնականապես չի ընտրել դրանցից որևէ մեկը,