Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/326

Այս էջը հաստատված է

Նամակի հետ, առանձին թերթի վրա, կարմիր թանաքով ու շատ մաքուր դրված է այս բանաստեղծությունը «Սոնետ» վերնագրով։ Ստորապրված է «Վ. Տ.»: Ահա այդ «Սոնետ»—ը.

Տեսնո՞ւմ ես, Մարգո, ինչպես արագ
Անցավ բոլորը և դարձավ հուշ,
Այժմ ո՞վ է, ասա, գրկում ըզգույշ
Իրանըդ այնքա՜ն, այնքա՜ն բարակ.
Եվ ո՞վ է լսում, ասա՛, անույշ
Խոսքերըդ սիրո ու սևորակ
Հուրերիդ խառնում մի նոր կրակ
Արբեցած փայլով աչքերիդ նուշ.
Ես ձմեռ օրով տեսա գարուն
Ու մայիսից վառ տեսա հունվար
Եվ մի՞թե, մի՞թե նրա համար,
Որ հյուսեմ հուշերդն այս ոլորուն
Եվ անքուն մաշեմ գիշերը զով
Քո կարոտով ու քո երազով…


Հաջորդ նամակում՝ ուղարկված մարտի 17—ին, Տերյանը գրել է. «Դուք հարցրել էիք՛ ի՞նչ է նշանակում «սնորակ» բառը Ձեզ ուղարկածս ոտանավորի մեջ—չգիտեմ ե՞ս եմ սխալ գրել, թե՞ Դուք եք սխալ կարդացել—պետք է կարդալ «սևարակ» (ընդգծումը Տերյանինն է — Վ. Պ.):

Հետագայում Տերյանը մշակել է այս բանաստեղծությունը, ինչպես և ջնջել «Սոնետ» վերնագիրը։ Այդ ձևով էլ այն մտել է պոետի երկերի ժողովածուները։

15, 16 «էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին» (էջ 21), «Քո դաշույն հրեղեն» (էջ 22)

Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 35—36):

17, 18, 19, 20 Իմ բալիկին (էջ 23, 24,25, 26)

Տերյանը ջերմորեն սիրել է իր նորածին մանկան։ 1917 թ. մարտի երկրորդ կեսին ընկերոջը՝ Ց. Խանզադյանին ուղարկած նամակում նա գրել է. «Շուտով ես էլ, եթե աստված կամենա, մի բալիկ կունենամ, որին անհամբեր սպասում եմ»։

Ամիսներ հետո, 1918 թ. հունվարին, Բրեստ-Լիտովսկ մեկնելու ժամանակ (Տերյանը իբրև խորհրդական մտել էր այն պատվիրակության կազմում, որը հաշտության բանակցություններ էր վարում) նա կնոջը՝ Սուսաննա Տերյանին մանկան հետ ուղարկում է Ստավրոպոլ (կնոջ ծնողների մոտ)։ «Բրեստից վերադառնալով,— գրում է Մակինցյանը,— նա առնում է իր մանկան մահվան լուրը, որ տեղի է ունենում ճանապարհին, մինչև Ստավրոպոլ հասնելը։