Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/335

Այս էջը հաստատված է

1919 թ. հունիսին, երբ բանաստեղծը բուժվում էր Չետվերիկովի սանատորիայում» (էջ 291)։

Որոշ հրատարակություններում անտեսելով, որ «Օ՜, կըգան…»—ը տրիոլետ է՝ այն կիսել են երկու քառատողի։

41 «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ իմ հեռու» (էջ 47)

Առաջին անգամ տպագրվել է «Նորք»—ի 1—ին գրքում (1922, նոյեմբեր—դեկտեմբեր, էջ 112) «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ։

Ծանոթագրության մեջ ասված է. այս և «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» սևագրություններ են։ Ընդ որում «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» տպագրվել է իբրև ավելի մշակված տարբերակ, իսկ «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու»—ն՝ նախնական, քիչ մշակված և դրվել է ծանոթագրության մեջ։

Այդ դարձել է ավանդույթ, այնուհետև «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու»—ն միշտ դրվել է ծանոթագրություններում։

Ահա «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» տարբերակի տեքստը.

Երբ կըհոգնեմ տարեք ինձ հեռու մեր Գանձան Եվ կըդառնան օրերն այն, որ անդարձ անցան

Այնտեղ հանգիստ կըննջեմ մեռած իմ մոր հետ Ու երազըս կըլինի դյութական հավետ

Եվ քնում այդ ծանր ու խոր կըլսեմ ես միշտ Մշտաթախիծ մի օրոր — հայրենի մի վիշտ

Եվ եթե դուք գաք մի օր այցի իմ շիրմին Կըժպտա ձեզ իմ սրտից բուսած վարդենին

Պ. Մակինցյանը այս տարբերակը ըստ էության համարել է առաջին սևագրություն (ավելի մշակվածի իմաստով) և դրել «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորի «Վերջին դաշնակ» շարքում (էջ 116), իսկ «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու»—ն «երկրորդ սևագրություն» և դրել է ծանոթագրություններում (էջ 292)։ Նա բերում է նաև այդ երկու տարբերակների «ծրագիրը» («Ինչպես պոետն էր ասում»,— գրում է Մակինցյանը).

Երբ ես մեռնեմ տարեք
Թաղեք ինձ հայրենի երկրում
Ավեր իմ երկրում դրեք ինձ շիրիմ
Իմ տառապյալ ժողովրդի մոտ
Նրա հետ ուզում եմ ննջել
Եվ գիտեմ մի օր, մի օր
Պիտի բացվի խնդություն
Պիտի երկիրըս ցնծա
Եվ շիրիմները պիտի ծաղկին

—ժպտան