Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/346

Այս էջը հաստատված է

77 Էքսպրոմտ (էջ 84)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական շաբաթ» (Գրական—գեղարվեստական հավելված «Պրոլետար» թերթի), 1930, № 1 (12 հունվարի) «էքսպրոմտ (Սիրելի Պերճանուշին)» վերնագրով, «Վահան Տերյանի անտիպ աշխատություններից» խորագրի տակ:

Պերճանուշը Տերյանի քույրերից մեկի՝ Նաշոյի մեծ աղջիկն է (Սիմոնյան)։ 1914 թ. մայիս ամսին Տերյանը քրոջ աղջկան նվիրել է «Poesie» ալբոմ, որի առաջին էջում գրել է. «Սիրելի Պերճանույշին հիշատակի համար նվիրում է այս ալբոմը նրա քեռին

Վահան Տերյանը

1914 V Թիֆլիս»

Ալբոմի մեջ Տերյանի ձեռագրով գրված է «էքսպրոմտ»—ը, տակը՝ «1914 V 28 Թիֆլիս»։

Տերյանը, որ զարմացնում է իր խստապահանջությամբ, իր բանաստեղծությունների անվերջ մշակումներով, ինչպե՞ս է, որ էքսպրոմտ է գրել։ Մեր հարցին պատասխանեց ինքը՝ Պ. Սիմոնյանը։ Տերյանը ալբոմներ է նվիրել ծանոթներից մի քանիսին՝ ամեն մեկի մեջ գրելով իր տպագրված բանաստեղծություններից որևէ մեկը։ Պերճանուշը—քեռու սիրելին —պռոշ է անում, նոր բանաստեղծություն է ուզում: Մորեղբայրը համաձայնվում է «պայմանով»— ստեղծել տրամադրություն առաջացնող մթնոլորտ: «Պայմանն» ընդունվում է ձյունաթույր սփռոց, ծաղիկներ, թունդ թեյ: Եվ արդյունքը սպասվածից ավելին է՝ «էքսպրոմտ—ը:

«Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ում տպագրված է իբրև առաջին անգամ հրատարակվող (էջ 379)։ «Գրական շաբաթ»—ում 13—րդ և 14—րդ տողերի բառերը խառնված են.

Թող ժըպտա սիրտըդ հրահրուն պայծառ

Խընդուն անարատ

Իսկ վերջին տողը «խմբագրված» է՝ «Չարին ու բարուն…»—ը դարձված է՝ «ժպտա միշտ բարուն…»։

78, 79 «Կանչում են ինձ ձայներ» (էջ 85), «Հրեշտակ մաքուր, լուսարև» (էջ 86)

Առաջին անգամ տպագրվել են «Հոկտեմբեր—նոյեմբեր»—ում (էջ 137, 137—138) և ծանոթագրվել (բերված է № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։

80 «Ինչո՞ է այսպես սիրտըս մղկտում»(էջ 88)


Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 402)։

81, 82 «Ջերմ կարոտով սպասում եմ անհամբեր» (էջ 89), Նմանություն (Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի՝ վրդովիր) (էջ 90)