Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/356

Այս էջը հաստատված է

ժողովածու»—ի (Երևան) մասին տպագրված «Գրախոսական»—ում (1951, № 11) իրեն վերագրելով Մարգոյի և «նոքա»—ի «առեղծվածը» վերծանելու պատիվը, հայտնում է, թե Տերյանը Մարգոյին (խոսքը բանաստեղծի երևանյան ծանոթ Մարգարիտա Շահխաթունու մասին է, որին նվիրված է այս բանաստեղծությունը) «վերոհիշյալ տրիոլետից զատ նվիրել է նաև մի ուրիշը—նույնքան գեղեցիկ և որը, սակայն, չի մտել Տերյանի երկերի և ոչ մեկ հրատարակության մեջ։ Եթե երեք խմբագիրները և մեկ կազմողը մի քիչ ավելի ջանադիր լինեին կառավարության կողմից իրենց հանձնած պարտականությունների նկատմամբ և աշխատեին տեղեկություններ հավաքել ողջ մնացած վկաներից Տերյանի կովկասյան շրջանի կյանքի և ստեղծագործության մասին, նրանք դյուրությամբ կգըտնեին «կորսված» տրիոլետը և նույնպիսի դյուրությամբ կվերածեին Մարգոյի ու «նոքա»—ի «առեղծվածը»։ Նախ՝ «Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն» բանաստեղծությունը 15 տողանոց է, իսկ 15 տողից կազմված տրիոլետ, այն էլ «գեղեցիկ», չի լինում։ Երկրորդ՝ Մարգոն վաղուց հայտնի է տերյանագետներին «Երկերի ժողովածու—ի (Երևան) մեջ այդ մասին ծանոթագրություն չի դրված որոշ նկատառումներով։ Երրորդ՝ ճիշտ չէ, թե այն «մի ուրիշ» տրիոլետը (խոսքը «Այսօր գալու է իմ յարը» բանաստեղծության մասին է—Վ. Պ.) չի մտել Տերյանի երկերի «և ոչ մեկ հրատարակության մեջ»։ Սկսած 20—ական թվականներից այն տպագրվում է Տերյանի երկերի քիչ թե շատ ընդարձակ բոլոր ժողովածուներում («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 50. «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու», էջ 236) և հենց «քննադատված» ժողովածում (էջ 247)։ Ուրեմն տրիոլետը կորսված չէ և ոչ էլ անհայտ է։

Բանաստեղծության «ստեղծման» մասին Մ. Շահխաթունին մեզ պատմեց. Տերյանը 1916 թ. եկել էր ընկերոջ՝ Մակինցյանի մոտ էջմիածին, ուր և ծանոթացանք միմյանց։ Մի երեկո, «կլուբի ընթերցարանում», ես և Տերյանը մի պահ մենակ մնացինք։ Ես կարդում էի «Сатирикон» իսկ Տերյանը գրեց այս բանաստեղծությունը։ Ուրեմն ճիշտ չէ «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի ծանոթագրություններում ասվածը, թե բանաստեղծությունը գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։

«Խեղճ ծերուկը»—«կլուբի» պահակը, Աբելյով ազգանունով։

«Նոքա» — Մ. Շահխաթունու քրոջ ամուսին Արշամ Խոնդկարյանը: «Նոքա»—ի հարցը պարզում է հետևյալ տրիոլետը (առաջին անգամ տպագրված «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ում, էջ 445)։

ՅՈՐԴՈՐԱԿԱՆ ՏՐԻՕԼԵՏ ԱՌ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾՆ ԱՐՇԱՄԻՈՒՍ
ՅԱՂ ԳՍ ԱԶԱՏՈՒԹԵԱՆՆ ԱՄՈՒՐԻ ԵՎ ԱՆԶՕՐՈՒԹԵԱՆՆ «ՆՈՑԱ»
Ի ՀԵՂԻՆԱԿԵՆ ՄԱՏԵՆԻՍ

Օ , մի լինիր դու խստասիրտ «նոքա»
Եվ մի հալածիր երգչիս անարժան.—
Գիրքըս թող լինի դաշինքի նշան