Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/373

Այս էջը հաստատված է

(«Սուտը» 1904֊ին հրատարակվել էր Թիֆլիսում Հ. Հակոբյանի թարգմանությամբ): Պոետի դասընկեր Մ. Քարամյանը պատմում է, որ Տերյանը Լազարյան ճեմարանում հմտանալով հին հունարենի մեջ 8-րդ դասարանում, իր ուսուցիչ Տոր Լանգեի օգնությամբ, թարգմանել է Էվրիպիդեսի «Իֆիգենիաս»-ն (տե՛ս «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», Երևան, 1964, էջ 282): Նույն բանը պնդում է նաև տերյանագետ Հ. Ղանալանյանը (տե՛ս «Վահան Տերյան», Երևան, 1960, էջ 10—11):

Տասական թվականների առաջին տարիներին Տերյանը բուռն գործունեություն է ծավալում «Պանթեոն» հրատարակչական ընկերության միջոցով Լերմոնտովի երկերի երկհատոր ժողովածու հրատարակելու համար։ Թեև այդ ժողովածուն չհրատարակվեց, սակայն անկասկած է, որ Տերյանը ինքը ևս պետք է թարգմաներ իր սիրելի և հոգեհարազատ բանաստեղծի գործերից։ Ավելի ուշ 1917-ի փետրվարին Կ. Միքայելյանին գրած մի նամակից հայտնի է դառնում, որ Տերյանը «վերցրել» է թարգմանելու Լ. Տոլստոյի և Մ. Գորկու երկերից: Թե ի՞նչ պետք է թարգմաներ Գորկուց, հնարավոր չեղավ պարզել, իսկ Տոլստոյից պետք է թարգմաներ «Պատերազմ և խաղաղություն» վեպի 1֊ին հատորը (ինքն էր այդ վեպի թարգմանության ձեռնարկողն ու ղեկավարը)։ Շուրջ երեք ամիս անց Տերյանը հաղորդում է, որ «արդեն մի 100 երես թարգմանել» է։

Այս և մի քանի այլ փաստեր հնարավորություն են տալիս լրացնել ցանկը այն հեղինակների, որոնցից Տերյանը թարգմանել է կամ ցանկացել է թարգմանել — Հոմերոս, Սոֆոկլես, Էվրիպիդես, Է. Ռոտերդամցի, Վ. Հյուգո, Ֆ. Նիցշե, Լ. Տոլստոյ, Մ. Լերմոնտով, Մ. Գորկի, Լ. Անդրեև։

Նոր նյութերի հայտնաբերման հետ կճշտվեն, թե Տերյանը ի՞նչ և ինչքա՞ն է թարգմանել այդ հեղինակներից։ Հնարավոր է նաև, որ դրանց մի մասը մնացել է հղացումների սահմաններում։

Սակայն չի կարելի առանց լուրջ փաստերի Տերյանին վերագրել թարգմանություններ, որ նա չի կատարել։ Տերյանագիտության մեջ պնդել են, թե նա թարգմանել է «Ընձենավոր»-ի նախերգանքը (նաև՝ 44 տուն, 12-ի փոխարեն), թե նրա թարգմանությամբ հրատարակվել են Վերհարնի «Բանկիր»-ը* և Նեկրասովի բանաստեղծությունները «Ереван альманах» 1957, № 1)։ «Հայ գրականության բիբլիոգրաֆիաս գրքում (Երևան, 1953, էջ 308) ասված է, թե Տերյանը թարգմանել է Մ. Գորկու «Բաղեի երգը», Լ. Անդրեևի ««Լռություն»֊ը, Մարկ Տվենի «Ոխերիմ թշնամիս»։ Հավաստիության համար նշված են նաև այն պարբերականները, որտեղ որպես թե տպագրվել են Տերյանի այդ թարգմանությունները. Իսկ ի՞նչ փաստեր կան... Դրանց տակ ստորադրված է «Տ. Վ.»:

Եվ այս ամենը հակառակ այն բանի, որ նշված թարգմանությունները կատարված են 1901—1902 թվականներին, երբ Տերյանը գրական ասպարեզ չմտած 16 տարեկան պատանի էր և չգիտեր ոչ մեկը այն լեզուներից, որոնցից որպես թե թարգմանություններ է կատարել:

  • «Բանկիր»֊ը («Սեղանավորը» վերնագրով) թարգմանել է Դ. Նորեկը («Նոր կյանք», 1911, № 1—2, 11 դեկտեմբերի, էջ 38 — 40), ավելի ուշ՝ Ե. Չտրենցը («Նորք», 1923, 3֊րդ գիրք, ապրիլ-սեպտեմբեր, էջ 62 — 64):