Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/39

Այս էջը հաստատված է

33

Մի հին տրտմություն անսփոփ ու խոր,
Որպես վիշտն անել հայրենի հողիս,
Երգում է սրտիս դառնագին օրոր
Եվ անդուլ ցավով մաշում է հոգիս։
Գիտեմ՝ չի գալու ազատության օր,
Այնպես խոր գիտեմ, թեև անհանգիստ
Հոգիս մոգում եմ երազով անզոր
Ու դեղ որոնում անսփոփ վերքիս։
Աղմուկն այս կյանքի արդեն իմ սրտում
Հնչում է որպես մահերգ մի տրտում,
Ու լսում եմ այն որպես հնավանդ
Մայրական օրոր տխրությամբ անուշ.
Եվ վաղուց հոգիս համր ու հնազանդ
Ձգտում է երկիրն անցավ ու անհուշ։