Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/54

Այս էջը հաստատված է

48

Ոչ ծաղրածու զվարճաբեր, ոչ խոսքերի վարժ վարպետ —
Կոչված ես դու վերին կամքով, որպես պայծառ մի ասպետ։

Դու մարգարե պիտի լինես, խաչակիր և մարտիրոս,
Խարույկ ու խաչ պիտի ելնես — ոչ իբր ստրուկ` այլ հերոս…

Խոսքըդ պիտի լինի դաշո՛ւյն, սիրտըդ՝ կրա՛կ ահավոր,
Պիտի լինես հեզ, որպես որբ, վեհանձն, որպես թագավոր…

Պիտի բանաս սիրտըդ բորբոք ամեն սրտի դեմ,
Պիտի լինես միշտ հրահրուն և միշտ լուսեղեն։

Եվ սնոտի օրերի մեջ պիտի վառվես որպես ջահ,
Որպես բարիք ընդունես միշտ և՛ տանջանք, և՛ մահ…