Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/56

Այս էջը հաստատված է

50

Երանի նրան, ով հայրենական
Խաղաղ հարկի տակ հանգչում է հիմա,
Ում չեն սարսեցնում հողմերը գուժկան,
Ով գալիք օրվան ժպտում է անահ…
Երանի նրան, ում հաստատ ուղին
Բացված է ազատ և հեռու, և լայն,
Ում չի կասեցնում կասկածը մթին,
Ում քաղցր կոչ է թվում ամեն ձայն…
Երանի նրան, ում մի մայր գթոտ
Օրորում է իր երգով հնամյա,
Ում չի սարսեցնում մի ահ անծանոթ,
Ով հայրենական տուն ունի հիմա…
Ով պարզ է նայում մթին գիշերին,
Ով պարզ է ժպտում արևոտ օրվան,
Ով խաղաղ սրտով մտնում է շիրիմ —
Հազար բյուր անգամ երանի նրան…
Փշով են պատած ուղիներըս մութ,
Մեր տեսիլքները սառն ու ահավոր,
Մեզ գգվում են միշտ գգվանքով մի սուտ,
Մեզ խաչ են, խաչ են հանում ամեն օր…
Մութ է, և ցուրտ է, և բուք, և բորան,
Մեր ուղիներում սարսափ է և մահ.
Արյունոտ ուղի՜ ... Երանի նրան,
Ով հայրենական տուն ունի հիմա…



1912, աշուն