Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/61

Այս էջը հաստատված է

55

Այս գիշեր կրկին մայրըս մեռած
Հայտնվեց նորից մահճիս վրա,
Փայփայեց նորից որդուն կորած,
Օրորեց երգով իր հնօրյա…

Եվ արցունքներըս դառն ու առատ
Չըպահեցի ես, երբ նա հանդարտ
Շոյեց ձեռներով այն անարատ,
Ժպտաց ժպիտով այն անզվարթ։

Ու որպես ստվեր մեղմ ու բարի
Մնաց նա մոտս մինչ առավոտ,
Լսեց գանգատըս այս աշխարհի,
Տենդի խոսքերըս խենթ ու աղոտ…

Եվ աղոթեց նա հիվանդ որդուն,
Օրհնեց երկրային ուղիս դժվար,
Եվ լուսեղեն էր գիշերն արթուն,
Եվ սիրտըս ցավին պարզվեց հոժար…

Նորից դաժան օր — մշո՜ւշ ու մե՜գ,
Եվ նորից, նորից երկրում օտար
Ընկած եմ, որպես ծովում անղեկ
Եվ անառապատ մի նավավար.—

Բայց ունի հոգիս մի սուրբ ավանդ,
Մի թալիսման, որ չի խաբե ինձ.
Եվ սիրտըս խնդուն ու հնազանդ
Կընդունե հիմա վիշտ ու թախիծ...