Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/7

Այս էջը հաստատված է

1

Անդարձ կորել է սրտիս խնդումը,
Թունոտ մի մեգ է իջել հոգում իմ․
Մտածումներըս թախիծ ու թույն են,
Գալիքը սև է, որպես խոկումն իմ։

Աշխարհն անգութ և ահավոր է,
Եվ ի՞նչ է սերը - անզոր մանուկ մի․
Չարն է հաղթողը, չարն է հզորը,
Թախիծն անզոր է, և սերն անօգ է․․․

Մեր կյանքը դառն է, մեր օրը մութ է,
Անզոր են, զուր են վեճն ու կասկածը.
Բոլորը ծաղր է, բոլորը սուտ է,
Չարն է, որ տեր է, չարն ինքն աստված է։