Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/71

Այս էջը հաստատված է

65

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,—
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին.

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տե՛ս —
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։