Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/74

Այս էջը հաստատված է

67

Ի՞նչ մնաց ինձ — ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ,
Մարգարտաշար հուշերի գանձ — ուրիշ ոչինչ:

Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց — ուրիշ ոչինչ:

Երազներից իմ հրավառ մնաց փոշի —
Սին անուններ կորած կանանց — ուրիշ ոչինչ:

Ջինջ իմ հոգուն մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ այգում քամու կաղկանձ — որիշ ոչինչ:

Պարիր, քամի, այգում այս մերկ, ոռնա ու լաց,
Տա՛ր, մի թողնիր, քամի անսանձ — ոչինչ, ոչինչ…