Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/81

Այս էջը հաստատված է

74

Փողոցներն ահա դադար են առնում,
Ննջում են խաղաղ խրճիթ ու պալատ.
Լոկ ես եմ անվերջ անցնում ու դառնում
Ու տխուր լալիս երգերս վհատ…

Մի անհուն ցավով երկիրն է տնքում,
Կարծես իմ սիրտն է կանչում աստըծուն…
Ցուրտ աշխարհի մեջ մերժված ու անքուն
Ո՞վ է այս գիշեր շրջում ու թախծում։

Անցնում եմ, գնում ես մենակ մի մարդ,
Ինքս ինձ երգում, լալիս ինքս ինձ,
Եվ լապտերների ժպիտը հանդարտ
Ինձ ողջունում է խավարի միջից…

Ստվերի նըման դալկադեմ մի կին՝
Քույրս տարամերժ ձայն տվեց, անցավ.
— Քեզ որտե՞ղ թաղեմ, վիշտ իմ մոլեգին,
— Ինչո՞վ բուժեմ քեզ, անբուժելի ցավ…