Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/101

Այս էջը հաստատված է

Սակայն միայն հանճարների մեջ չէ, որ ցոլանում է մի ազգի հոգին ու սիրտը: Երկինքը միայն ծովերի մեջ չէ ցոլանում։ Միայն հանճարները չեն, որ կռում են ազգային կուլտուրա։ Հանճարները այդ կուլտուրայի բարձունքներում գագաթներ են միայն։

Կուլտուրան ստեղծվում է համայն Ժողովրդի ստեղծագործ ուժերի լարումով, ամբողջ ժողովրդի հոգու եռքով ու հրահրումով։ Գրականությունը ժողովրդական կուլտուրայի, ազգային ստեղծագործության մի մասն է, բայց ոչ մեկուսացած, առանձնացած, կտրված — նա անքակտելիորեն կապված է ժողովրդի ամբողջ ստեղծագործության հետ, կուլտուրայի բոլոր ճյուղերի զարգացման հետ։ Մեկը մյուսին առաջ է մղում, մեկը մյուսին հենարան է ծառայում։ Ահա թե ինչու մի ազգ, որ կամենում է ճոխ գրականություն ունենալ, պիտի կամենա ունենալ նաև ճոխ նկարչություն, ճոխ մուզիկա, ճոխ թատրոն։ Բոլոր երկրների իդիոտները, ասում է Օվսյանիկո-Կուլիկովսկին, իրար նման են և իրարից չեն տարբերվում, մինչդեռ ամեն մի երկրի հանճար բոլորովին առանձնահատուկ գծերով է օժտված — Շեքսպիրը նման չէ Գյոթեին, Գյոթեն նման չէ Պուշկինին՝ նրանք բոլորը ազգային հանճարներ են, նրանք բոլորը համաշխարհային, համամարդկային պոետներ են, սակայն նրանցից ամեն մեկը օժտված է յուրահատուկ, ինքնատիպ գծերով, որոնցից մյուսները զուրկ են։ Սակայն սրանից չպետք է իհարկե եզրակացնել, որ ամեն ազգ ունենում է անպատճառ իր հանճարը՝ այսինքն այն ֆոկուսը, որի մեջ կենտրոնանում են նրա բոլոր բնորոշ, ինքնատիպ գծերը, նրա լավագույն ստեղծագործ զորությունը։ Բնավ։

Հարց է ծագում, կարո՞ղ են արդյոք փոքր ժողովուրդները մեծ գրականություն ունենալ և մեծ գրողներ։

Քանի որ կլուծվի ազգային կուլտուրայի ազատ զարգացման խնդիրը, քանի որ ժողովուրդը ազատ շունչ կքաշե, ինչն է խանգարում ազգին ստեղծել լավ գրականություն։

Ինչ վերաբերում է մեծ գրողներին, ահա ձեզ օրինակ. մենք ունեինք Ադամյանի նման արտիստ։ Վերջապես ինչ տարօրինակ ենթադրություն է, իբր թե մեծ ժողովրդի զավակները նույնպես մեծ են։ Դա էլ արդյունք է մի ֆետիշիստական մտածողության, ոչ ավել։