իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով։
Այդ հարցի այս կամ այն լուծման ծանր տարակուսանքներով և ոսկե երազներով սերունդներ են կրթվել, այդ հարցի շուրջը պտտվող դրականությամբ սնվել են սերունդներ։ Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն։
Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել։ Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառն մտքով, անտարբեր գիտնականի ոճով։ Մենք ուզում ենք ճչալ, որովհետև երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում, մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում։ Օտարներն անգամ վարակվել են հաճախ և վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով և սառն դատողի և տրամաբանորեն մտածողի փոխարեն դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին։
Թվում է, թե ոչ դիվանագիտական խճուճ հարաբերությունները, ոչ տնտեսական -հասարակական անսասան օրենքները, ոչ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին ։
Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»։
Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետևանք էլ ունենա միևնույն է— «դեպի Հայաստան»։ «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդումն է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել։
Եվ հասկանալի է դա:
Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլև ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջև ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով։