Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/105

Այս էջը հաստատված է

Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ։

Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ և մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը։

Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի...

II

Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը։ Ճիշտ է, կան որոշ վերապահումներ, սակայն ներկա դեպքում նրանք կարևոր չեն, էական դեր չեն կատարում։

Այդ հասարակական հոսանքի թեորիան գրեթե համատարած ու իշխող է հանդիսանում մեր երկրում. այդպես է եղել գրեթե միշտ, չնայած արտաքին խանգարիչ զորություններին, ոչ էլ ներքին՝ մեր երկրում ծագած հակամարտ հասարակական հոսանքներին։ Այդ ուղղությունը այսպես թե այնպես գրավել է մեր ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը, այլև ներքին, ժողովրդական, դեմոկրատ դասերի համակրությունն ու գործակցությունը։ Ներկա դեպքում ինձ հետաքրքրողն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ նրանց մտածության ամբողջական կոնցեպցիան։ Ինձ զբաղեցնողն այժմ միայն մի հիմնական կետ է, որ շատ կարևոր դեր է կատարում նրանց ամբողջ հասարակական աշխարհահայացքի նկատմամբ։ Հայություն և Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ թուրքահայությունն են ըմբռնում և Թուրքաց Հայաստանը։

Մտածության այդ ձևը շատ բնորոշ արտահայտություն էր գտել դեռ անցյալ տարի կարդացած մի դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ գրականության, և մի այլ դասախոսության մեջ, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային։ Այդտեղ շատ պարզ ցոլանում էր այն գերագույն հավատը, որ տածում