Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/108

Այս էջը հաստատված է

և վճռական կերպով փաստերը ժխտում են մի այդպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:

Ընդհակառակը, որպես հայ բուրժուազիան, այնպես և նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է։

Դա մի անժխտելի փաստ է:

Նրա այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածդ։ Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին—լեզվին, գրականությանը, արվեստին— այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրան բնորոշող հատկանիշներ են կազմում։

Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ, արհամարհում է այդ ամենը։

Ամեն անգամ, երբ դրա և նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երևի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի... Սակայն, իհարկե, դա սխալ է։

Ոչ լեհ, ոչ ֆինն, ոչ մալոռուս, ոչ նույնիսկ վրացի ինտելիգենցիան այդպես չէ։

Ուրեմն ի՞նչ է այդ բուրժուական, ապազգայնացած ինտելիգենցիայի բաղձանքը Հայաստանի վերաբերմամբ:

Դեռ սրանից մի երկու տարի առաջ ես մի անգամ զրույց ունեցա մի այդպիսի հայ ինտելիգենտի հետ (թեպետ դեռ ոչ բոլորովին ապազգայնացած, սակայն այն ինտելիգենտներից մեկի, որոնք ոչ մի արժեք չեն տալիս ազգային կուլտուրային)։

Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով.. Նա անհամբեր կերպով և կտրուկ ասաց.

— Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով...

Հետո ավելացրեց դրա վրա և այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ...