Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/11

Այս էջը հաստատված է

2. «ՊԱՅՄԱՆԱԿԱՆ» ԹԱՏՐՈՆ

(Վս. Մեյրհորդի ռեֆերատի առիթով)

Մոսկվա, 13 դեկտեմբերի

Դեկտեմբերի 11-ին, Վս. Մեյերհոլդը մի ռեֆերատ կարդաց գեղ-գրակ.» կրուժոկում՝ թատրոնի մասին։

Վերջին տարիներում ռուսական թատրոնի կյանքում մի ուշագրավ կենդանություն է տիրում։ Ավելի քան երբևիցե սկսեցին գրել, խոսել և վիճել բեմի մասին։

Բելինսկու օրերից ի վեր գրեթե երբեք այնպիսի բուռն տենդ չէր նկատվում բեմական արվեստի կյանքում, ինչպես վերջին մի քանի տարիներում։

Որոնվում են «նոր» ուղիներ։ «Գեղարվեստական թատրոնը», որ մի քանի տարի է, ինչ սիրողների խմբից հասարակության լայն խավերին մատչելի է դարձել — մի ահագին դարաշրջան է ստեղծել բեմական կյանքում։

Սակայն այժմ այդ թատրոնն ևս չէ գոհացնում և առաջարկվում է նոր ուղի։ Նոր ձևեր ու պրինցիպներ են դրվում թատրոնով հետաքրքրվողների առջև։ Այս վերջին երկու տարվա ընթացքում, թեև «նոր» ուղղությունն ունի 4—5 տարվա պատմություն, ավելի կտրուկ կերպով այդ հարցը դրեց Վս. Մեյրհոլդը՝ իր համախոհների հետ, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխատում էր Կոմիսարժևսկայի թատրոնում (Պետերբուրգ)։ Նա «պայմանական թատրոնի» կողմնակից է, ինչպես ինքը նկատեց իր ռեֆերատում, ինչպես նաև հայտնի էր նրա վերջին տարիների աշխատությունից։

Ռեֆերենտը ընդհանուր գծերով ուրվագծեց «նոր թատրոնական պրինցիպների» ծագումը և զարգացումը և հետո անցավ ներկա թատրոնի քննադատությանը, զուգահեռաբար պարզելով այն պրինցիպները, որոնց հիման վրա պետք է կառուցվի ապագա թատրոնը: