Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/110

Այս էջը հաստատված է

Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այդ երգն են երգում... Պայմաննե՜ր... Ներեցեք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին ու մալոռուսներին իրանց լեզուն, իրանց գրականությունը, իրանց պատմությունն ու իրանց արվեստը սիրելու և ճանաչելու։

Սրանից մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկը պատմում էր, որ մի լեհ ուսանող մաթեմատիկոս քննություններին պատրաստվում է լեհական դասագրքերով։ Դա Մոսկվայումն էր, Մոսկվայի համալսարանի ուսանող էր լեհը։

Կասեք՝ ուրեմն կան լեհերեն դասագրքեր և ըստ երևույթին ավելի լավ դասագրքեր (այդպես էր վկայում և այն լեհ ուսանողը), որ գերադասվում են ռուսականներին։

Այո, բայց այդ դասագրքերն էլ ստեղծել է նույն լեհացին... չնայած «պայմաններին», որոնց վրա միշտ մատնանիշ են անում մեր ազգային բուրժուաներն ու բուրժուական ինտելիգենտները։ Իհարկե, երբ ասում եմ ճանաչել, գիտենալ, սիրել մայրենի գրականությունը, արվեստը, լեզուն, դա չի նշանակում գոհանալ նրա ներկա դրությամբ, այլ հենց ընդհակառակը, եթե լիներ այդ սերը, նրա ներկան այդքան ողորմելի չէր լինի և ապագան այդքա՜ն անհույս ու անհավատալի։

Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը և դրանով արդարացնում իրանց անտարբերությունը դեպի այդ ամենը։

Զարմանալի բան. ի՞նչ եք տվել, պետք է հարցնել այդ այսօրվա բուրժուա-ինտելիգենտ ազգասեր դարձած հայերին, ի՞նչ եք տվել և ի՞նչ եք պահանջում։ Երբ մի հայ մարդ կամենում է ռուսերեն թերթ հրատարակել, նա շատ պարզ գիտակցում է, որ դրա համար հարկավոր է հարյուր հազարների գումար, իսկ երբ նույն մարդը կամենում է բարերարել հայ թերթը, նա մեծահոգորեն նվիրում է հինգ-տասը հազար և իսկույն պահանջ դնում, որ այդ թերթը հավասար լինի ռուս թերթերին։

Ահա այդ հայ բուրժուա-ինտելիգենտը ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնո՞ւմ եք, գրականություն կա, որովհետև մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է...