Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/112

Այս էջը հաստատված է

և կգա նորից տաժանելի և չարքաշ աշխատանքի առօրեականը, և դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն ավելի տաք...

Մինչև անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա...

Եվ դարձյալ հայրենիքի, հոգևոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրանց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր և չեք կամենա ճանաչել առավել ևս վաղը։ Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները։

Իսկ ձեր անուննե՞րը։

Դա էլ կարևոր չէ, մանավանդ որ nomina odiosa sunt.1

IV

Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտներին, որոնց զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրանց համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլև որոշ ազգային տեսակետ ունենալով։ Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի և վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ։

Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը, մեր խորին համոզումով, որքան և կարևոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշե, վճռե հայության ապագայի վիճակը, ստեղծե այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է։ Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք «հոգևոր Հայաստան»։

Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք,