Ահա թե ինչո՛ւ ես կարծում եմ, որ, թացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներ են։
Ֆրանսիացոց նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ և քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը—իր լեզուն, և դրա համար ամենուրեք հիմնում է այն ալիանսները, որ մեր Թիֆլիսում էլ կա։ Մինչդեռ մենք մի Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը, ոչ թե օտարների, այլ մերայինների՝ հայերի մեջ։
Մինչև այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ՝ հայ նկարչությունը խրախուսելու, հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ արդեն ոչ միայն բնազդով, այլ գիտակցությամբ նայ են իրանց արվեստի մեջ (օրինակ՝ Սարյան, Սուրենյան և այլն)։
Չեմ ասում գրականության, մամուլի, դպրոցի մասին, դա հասկանալի է ինքնըստինքյան։ Ահա այդ առօրյա կուլտուրական աշխատանքի առջև ներկա պայմաններում էլ չկան արգելքներ, արտաքին խոչընդոտներ, մինչդեռ դրանք գերագույն կարևորություն են ներկայացնում ազգային ապագան կառուցանելու տեսակետից։
Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնե։ Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատ ենք «հոգևոր Հայաստանի» համար։
Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցանելու, առանց երբևիցե մտածելու թե ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ, թե վերջապես դպրո՞ց է լինելու դա... Ով լոկ շենքերի մասին է մտածում, նա «չգիտե ինչ է անում»։