Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/116

Այս էջը հաստատված է

V

Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տնական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը։

Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը։

Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը։

Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից։

Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ էրզրում պիտի ուղղե, այդ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյուք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և էրզրումին:

Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ ու անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկե այդ հոգևոր հայրենիքի վերակառուցման։

Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել։

Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր։

Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը, եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար... Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է