կեդանի լինել։ Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգացիք, մինչդեռ որպիսի՜ դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրանց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար...
Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն։
Եվ հիրավի։ Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար. նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան։
Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ։ Սակայն ես կուզեի որոշ հետևողականություն գտնել իրերի ընթացքում և որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել։
Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդ նշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդ տարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա։
Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով՝ կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին։ Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է։
Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան և դրանց դեմ, այո՛, պետք է կռվել։
Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն առանց այդ ավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները քջջելը, քանի որ՝ երբ ընկնե այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր