Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/126

Այս էջը հաստատված է

որ այդ ասությամբ իսկ՝ ես ինքս ինձ քաջ, կամ՝ ինչպես դուք եք ասում՝ «մենաշնորհյալ» հայագետ եմ համարում։

Եթե ես մեկին ասում եմ, որ նա աստղաբաշխ չէ, իհարկե, դրանով չեմ ուզում ասել, որ ես աստղաբաշխ եմ, այնպես չէ՞։

Այն «միջնակարգ դպրոցում», ուր ես եմ սովորել, այդպես էին սովորեցնում տրամաբանությունը։

Դուք ասում եք, որ պնդելով, թե հայ ուսանողությունը անձեռնհաս է ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, ես դրանով ցույց եմ տալիս «պահպանողական» տարրերին հատուկ վերաբերմունք դեպի ուսանողությունը և ծանր վիրավորանք եմ հասցնում ուսանողության։ Կուզեի հավատացնել, որ արտահայտելով իմ կարծիքը կտրուկ և անկեղծ կերպով՝ ես ոչ մի առիթ և նպատակ չեմ ունեցել բնավ վիրավորելու ձեզ, ինչպես նպատակ չեմ ունեցել վիրավորելու որևէ առանձին ինտելիգենտի, երբ խոսել եմ կամ, ինչպես դուք եք ասում, «հարձակվել» հայ բուրժուական ինտելիգենցիայի վրա։ Սակայն պետք է ավելացնեմ, որ ինձ թվում է, թե ես այնքան փոքրոգի չեմ, որպեսզի վախենամ «պահպանողական» կամ այլ դույնանման մականունից (եթե ձեզ հաճելի է այդպես անվանել ինձ), եթե միայն ես համոզված եմ, որ այդ անունը կրողների կողմն է արդարությունն ու ճշմարտությունը։ Բայց իրոք, ինձ թվում է, որ Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, որին այդքան լավ հայտնի է հայ ազգի կարծիքը, ինքն անխոտոր կերպով գնում է հայ բուրժուազիայի և բուրժուական ինտելիգենցիայի հետևից, երբ «անտեղի» և «անընդունելի» է համարում հոգևոր Հայաստանի գաղափարը և «տարերային ուժով ձգտում է դեպի նյութեղեն Հայաստանը»… ինձ թվում է, որ ի վերջո հայ դեմոկրատիայի, ինչպես և ամեն մի դեմոկրատիայի համար «Հայաստանի» (ազգի) հարցը կուլտուրայի (այսինքն «հոգևոր») հարց է։

Դա ցույց կտա ապագան, երբ մտքերը կպարզվեն, երբ մտքերին տիրող մշուշը կանցնի, երբ, հուսով եմ, ես հնար կունենամ ավելի ազատ արտահայտելու իմ գաղափարները, որոնք, ինձ թվում է, ավելի մոտ պիտի լինեն հայ դեմոկրատիայի իդեալներին, քան այն Հայաստանի գաղափարը, որ առաջադրում է հայ բուրժուազիայի և նրան հարող ինտելիգենցիայի «90 %-ը»: