հայտարարեցին, կտրեցին Ռուսաստանից։ Արյունարբու իմպերիալիստ (այսինքն թալանչի) Տաճկաստանն էլ հենց այդ էր ուզում։
Երբ նա տեսավ, որ պաշտոնապես Կովկասը կտրվեց Ռուսաստանից, իսկույն ևեթ զորքը շարժեց առաջ և գրավեց Կովկասի հայաբնակ երկրները։ Տաճկաստանն այսպես ասաց՝ քանի որ դուք Ռուսաստանից անկախ պետություն եք, ուրեմն իմ Ռուսաստանի հետ կապած պայմանները ձեզ չեն վերաբերվում, ուրեմն ջուրն են ընկնում այդ պայմանները։ Իսկ այդ պայմանում ասված էր, որ Թուրքիան Ղարսից դենն անցնելու իրավունք չունի։ Այժմ, երբ Կովկասը անկախ է, ասաց Թուրքիան, Ռուսաստանի հետ կապած պայմանն իր ուժը կորցնում է, և դրա համար մենք պահանջում ենք, որ թույլ տաք մեր զորքը մտցնելու Երևան, Ալեքսանդրապոլ, Ախալքալաք և այլն։ Ահա թե ինչպես հայ աշխատավոր ժողովրդի տունը քանդեցին ժողովրդին բարեկամ ձևացող դաշնակցականները՝ միանալով թուրք մուսավաթական բեգերի և դավաճան մենշևիկների հետ։ Բայց ինչ անել այժմ, երբ թուրք ու թաթար հորդաները խուժել են հայ գավառները և մահացու վտանգի մեջ են դրել հայ աշխատավոր գյուղացուն և բանվորին:
Մենք, հայ բոլշևիկներս, չենք կարող անտարբեր մնալ, երբ վտանգի է ենթարկված հայ աշխատավոր գյուղացու և բանվորի կյանքը, որովհետև չէ՛ որ մեր կոմունիստական պարտիան (կուսակցությունը) չունևոր գյուղացիների և բանվորների կուսակցություն է։
Մենք ամենից առաջ պիտի բանանք ժողովրդի աչքը, ցույց տանք, թե ով է նրա իսկական բարեկամը, մենք, ինչպես և առաջ, պիտի կրկնենք ու պնդենք, որ հայ աշխատավոր գյուղացու և բանվորի իսկական և հավատարիմ բարեկամը կարող են լինել միայն և միայն Ռուսաստանի գյուղացին ու բանվորները և այդ գյուղացիների ու բանվորների շահը պաշտպանող, նրանց ձեռքով հաստատված խորհուրդների իշխանությունը։ Մենք պիտի նորից ու նորից կոչ անենք հայ գյուղացիներին ու բանվորներին, որ միանան Ռուսաստանի բանվորների ու գյուղացիների կուսակցության, այսինքն բոլշևիկների կոմունիստական կուսակցության և Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարության հեղափոխական կարմիր գնդերին։