Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/160

Այս էջը հաստատված է

հողը, այլ հողատիրոջը վճարեն։ Իսկ մենք կարծում ենք, որ ընդհակառակը, եթե գյուղացին իրա համար ցանե ու վարե, այն ժամանակ ցանքս ու վարը կլավանան: Եվ ուրիշ կերպ լինել չի կարող: Փողատեր աղաների օգտի համար (կապիտալիստների օգտի համար) սկսած պատերազմն աշխարհը քարուքանդ է արել, այն օրին է հասցրել, որ Ռուսաստանը, եթե գյուղացիների տնտեսությունը չլավանա, չի կարող փրկվել: Բայց հողատեր աղաների դարդն ու ցավը Ռուսաստանը չէ, այլ իրանց օգուտը, իրանց քսակը: Նրանք լավ են հասկացել, որ հիմա էլ չեն կարող բռունցքով իշխել ժողովրդի վրա, դրա համար սկսել են զանազան խորամանկություններ բանեցնել։ Մեկ էլ տեսար երեկվա վաշխառուն ու կեղեքիչը, երեկվա ժողովրդի արյուն ծծողը այսօր իր կրծքին հեղափոխության կարմիր նշան է կպցնում ու զոռում ամեն տեղ.— «Մենք հեղափոխական դեմոկրատիա ենք (այսինքն հասարակ ժողովուրդ), մենք ամեն ինչ կանենք ժողովրդի համար, միայն թե պետք է սպասել, պետք է համբերել»։ Բայց ժողովուրդը այդ կեղծավորներին ու խաբեբաներին չպիտի հավատա, ժողովուրդը պիտի կազմակերպվի և ինքն իր գլխի ճարը տեսնի։ Բանվորներն ու գյուղացիները պիտի միանան ամեն տեղ, մտնեն բոլշեվիկների կոմունիստական կուսակցության մեջ, ընտրեն իրանց մարդկանց ու հողն էլ, իշխանությունն էլ իրանց ձեռքն առնեն։

III

Հիմա տեսնենք, թե ինչպե՞ս պիտի վճռվի հողի հարցը, երբ բոլոր հողը բոլոր ժողովրդինը լինի և աղաների մասնավոր հողատիրությունը ոչնչանա։ Կոմունիստները, այսինքն բոլշևիկները, ուզում են, որ Ռուսաստանում կոմունիստական, այսինքն համայնատիրական կարգ հաստատվի, հենց դրա համար էլ նրանք կոմունիստ են կոչվում, այսինքն համայնական սկզբունքի կողմնակից։ Իսկ կոմունիստական կարգ կհաստատվի այն ժամանակ, երբ բոլոր իշխանությունը գյուղացիների և բանվորների ձեռքը կանցնի։ Երբ բոլոր հողը բոլոր ժողովրդին դառնա և երկրում համայնատիրական կարգեր լինեն, բնական ու հասկանալի է, որ տեղերում հողի հարցը կարգադրողն իրանք գյուղացիք պիտի լինեն, դա պարզ է և այդ մասին խոսելն ավելորդ է։