Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/171

Այս էջը հաստատված է

Դա 1905 թվին էր, Փամբակի Մեծ Ղարաքիլիսա գյուղաքաղաքում։

Բավական բազմամարդ ժողով էր, ուր հանդես էին եկել դաշնակցության «լավագույն» ուժերը, որոնց թվում հիշում եմ հանգուցյալ Խաժակին, որ անշուշտ Հռետորական ձիրքից զուրկ չէր, և որի պաթետիկ ու ըստ սովորականին դեմագոգիական ու մասամբ գռեհիկ ճառից հետո խոսք ուզեց Ատեփան Շահումյանը։

Պետք է իմանալ, թե որպիսի՜ անհամբերատար, ֆանատիկ, բուռն ատելություն էր տիրում դաշնակցական շրջաններում դեպի սոցիալ-դեմոկրատիան, պետք է իմանալ, թե ինչ եռանդագին մոլությամբ սերմանվում էր այդ ատելությունը ժողովրդի մեջ և ինչ գռեհիկ ձևերով էր պատկերացվում բանվորական կուսակցության աշխարհահայացքը այն ժամանակ իշխող դաշնակցականների կողմից և այն ժամանակ հասկանալի կլինի, թե ինչպես էր դիմավորում այն ժամանակ սոցիալ-դեմոկրատներին ազգամոլության թույնով վարակված այն սրահը։

Եվ չնայած այդ բանին, երբ որ բեմ բարձրացավ Շահումյանը, մի անսպասելի և տարօրինակ համբերատարություն էր ցույց տալիս այդ սովորաբար աղմկասեր, իր զգացմունքներն ու մտքերը բուռն կերպով արտահայտող ամբոխը, որ այդ անգամ չէր վարակվում անգամ իր դաշնակցական առաջնորդների մերթ ընդ մերթ բաց թողած անհամբեր դեմագոգիկ բացականչություններից ու նկատողություններից։

Կարծես հրաշալի գավազանի զորությամբ դյութված՝ լուռ ու հանգիստ լսում էր այդ ամբոխը Շահումյանի հանդարտ հոսող ճառը, այդ ամբոխը, որ սովոր էր բանվորական կուսակցության ներկայացուցիչներին աղմկալի ատելությամբ ու շվոցներով դիմավորելու և ճանապարհ դնելու...

Ես այն ժամանակ լի էի նացիոնալիստական ու մանրբուրժուական նախապաշարումներով, ենթակա նացիոնալիզմի թունալի հմայքին։

Բայց պարզ հիշում եմ, որ մի տարօրինակ ուժ գրավում էր ինձ դեպի այդ սքանչելի մարդը, որի մտածողությունն ու զգացողությունը իմից բոլորովին տարբեր էին։ Կար նրա կեցվածքում, ձայնում, շեշտում, վերջապես զարմանալի դեմքում անսահման մի գրավչություն, անդիմադրելի մի հմայք...

Լինելով անծանոթ նրա անձնավորության և օտար նրա աշխարահայացին