Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/172

Այս էջը հաստատված է

տասնյակ տարիների ընթացքում երկու անգամ միայն, այն էլ թռուցիկ կերպով, տեսնելով այդ մարդուն՝ ես միշտ հիշել եմ նրան մի տարօրինակ համակրանքի զգացմունքով, միշտ զգացել եմ նրա հմայքի ուժը...

***

Նրան ծանոթանալու բախտին ես արժանացա միմիայն Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին, երբ նա Պետերբուրգ էր եկել «Դեմոկրատիկ համաժողովին» մասնակցելու, և երբ մենք հանդիպեցինք արդեն իբրև կուսակցական ընկերներ:

Եվ իմ հոգում կրկին, բայց ավելի բուռն, ավելի հզոր թափով արթնացան հիացմունքի և սիրո այն զգացմունքները դեպի այդ մարդը, որի սիրելի պատկերը տարօրինակ կերպով միշտ կենդանի և վառ էի պահում ես իմ հուշերում դեռ այն ժամանակ, երբ բնավ ծանոթ չէի և միայն հեռվից հեռու տեսել էի նրան մի երկու անգամ։

Եվ ինձ թվում է, որ մեր բոլոր ընկերներն էլ նույնն էին զգում Ս. Շահումյանի ներկայությամբ — նույն ոգևորումն ու խանդավառությունը, նույն հատուկ քնքշությունը դեպի նա և լավ լինելու ցանկությունը...

Եվ հիշում եմ, թե որպիսի սիրով ու եռանդով մենք գործի կպանք, երբ փոքրիկ խորհրդակցություններից հետո որոշվեց ձեռք զարկել մի շարք ադիտացիոն բրոշյուրների հրատարակության, և երբ նա խոսք առավ մեզնից, որ երեք օրվա ընթացքում մեզնից ամեն մինը մի փոքրիկ բրոշյուր դրի չարաբախտ Հիմնադիր Ժողովի նախընտրական ավիտացիայի համար։

Եվ որպիսի՜ հրճվանքով էի մտածում ես այն նախընտրական տուրնեի մասին, որն ըստ մեր պայմանի պիտի կատարեինք Կովկասի քաղաքներում՝ մենք մի քանի ընկերներս Ստեփան Շահումյանի հետ միասին...

Սակայն այդ բախտին ես չարժանացա...

Եվ այժմ ինձ այնպես է թվում, որ դեռ պիտի տեսնեմ նրան, այդ ազնիվ, սիրելի, լուսեղեն մարդուն, որի սքանչելի պատկերը միշտ անջինջ, միշտ կենդանի է իմ հոգում, որի հմայիչ պատկերը երբեք չի կարող մոռանալ, ով երբևիցե բախտ է ունեցել տեսնել ու ճանաչել նրան — Ստեփան Շահումյանին...