Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/18

Այս էջը հաստատված է

Ժամը 8֊ին տխուր պրոցեսիան ուղևորվեց Տոլստոյի գյուղը — Յասնայա Պոլյանա։

Ճանապարհին շարունակ երգում էին «Вечная памяать».

Հոգևորականություն չկար։ Չկար և ոչ մի հոգևորական։

Բազմության մեծագույն մասը կազմում էին ուսանողները և ուսանողուհիները։

Հասարակական գործիչներից և ռուս գրողներից կային միայն մի քանի հոգի — դրանց թվում Վալերի Բրյուսով, Գրիգոր Պետրով (նախկին քահանա) և ուրիշ մի քանիսը։ Յասնայա Պոլյանայում դագաղը դրին սենյակներից մեկում և թույլ տվին հասարակության վերջին անգամ գլուխ խոնարհելու մեծ մարդու դիակի առաջ։ Դա մի քանի ժամ տևեց։ Ապա նույն կարգով «Вечная память» երգելով տարան դագաղը դեպի գերեզման, որ գտնվում է նույն կալվածքում բլրակի վրա՝ կաղնիներով շրջապատված, այն տեղում, որ ինքը Լև Տոլստոյը ընտրել է իր գերեզմանի համար։ Աշխարհից հեռու, խաղաղ ու գեղեցիկ մի անտառակի մեջ։

Ոչ մի ճառ չարտասանվեց։

Միայն երբ դագաղը իջեցրին գերեզման, մեկը բարձր ասաց .

Великий Лев умер!

Ապա ամբոխը ծունկ չոքեց և երգեց «Вечная память».

Նորից ծունկ չոքեցին և նորից— մի քանի անգամ։

Ծանր էր և սրտաճմլիկ այդ տեսարանը։

Շատերը լալիս էին, ինչպես և կայարանում, դիակին դիմավորելիս և ճանապարհին...