Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/19

Այս էջը հաստատված է

5. ՅԱՍՆԱՅԱ ՊՈԼՅԱՆԱՅՈԻՄ

Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա, Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու, խորապես զգում էի, որ այդ մի սրբազան պարտականություն է, և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին մի արտասովոր հուզմունքով։ Իմ ուղեկիցներից մի քանիսի դեմքը վկայում էր, որ նոքա ևս զգում են, թե ինչքան մեծ պատմական իրողության հանդիսատես պիտի լինեն նոքա։

Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելո՜ւ։

Կայարանի շենքը լցված էր անհաշիվ բազմությամբ, որը քանի գնում ավելանում էր և տեղ չգտնելով ներսը, կանգնած էր դուրսը։

Տոմսակ ստանալ կարողանում էին միայն նոքա, որոնք առավոտվանից պատրաստություններ էին տեսել— գլխավորապես դելեգատները և թղթակիցները։ Ուսանողներից և ուսանողուհիներից միայն 2000 հոգի կամ մի քիչ ավելի կարողացան տոմսակ ստանալ, որովհետև նոքա ևս առաջուց պայմանավորվել էին երկաթուղային վարչության հետ։ Վերջինս խոստացել էր 10 բացառիկ գնացք բաց թողնել դեպի թաղման վայրը, սակայն, ինչպես հետո պարզվեց, թողել էր միայն 3—4 գնացք, ապա հաղորդակցության մինիստրի հրամանի հիման վրա հրամայվել էր իր խոստումը կատարել։ Այդպիսով Յասնայա Պոլյանա գնալ ցանկացողների կեսից ավելի մասը մնաց Մոսկվայում։

Ցուրտ ձմռան գիշեր է։ Պատուհանների տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին։ Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը։