Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/194

Այս էջը հաստատված է

Մի խոսքով, ինչ որ գրում եք պարզ գրեցեք, ոչ այնպես, որ կարելի լինի զանազան կերպով բացատրել։

Չգիտեմ ինչու, Ձեր նամակը մի տեսակ տատանումի մեջ ձգեց ինձ և այս րոպեիս չեմ կարող գրել։ Ցոլակը այստեղ է, գրավոր քննությունները հաջող կերպով տվեց, այժմ բանավոր է տալիս. նա ինձնից մի 10 օր հետո կգնա Կովկաս։ Այսօր տոմսակ եմ ճարել, գնում եմ Շալյապինին լսելու «Ֆաուստ»-ի մեջ, լսում եմ առաջին անգամ, տպավորությունս կգրեմ։ Առհասարակ այսօրվա նամակիս երաշխավոր չեմ, որովհետև գլուխս ինչ-որ ապուշ դրության է։

Ձեր նամակին ավելացրել եք թե. — «ով է մեզանից ավելի «հիմարացել», չգիտեմ` դո՞ւք, թե՞ ես. իմ կարծիքով նկատողություն անողը պիտի աշխատե ինքը նույն սխալը չանե, իսկ դո՞ւք, պարոն»։ Что это значит? Ես Ձեզ հարց էի տվել կարծեմ, — որ խոմ չե՞ք «հիմարացել». իհարկե «հիմարացել»-ը այն մտքով, ինչ մտքով հասկանում եք Դուք։ Ձեր խոսքերը չեմ հասկանում։ Մի խոսքով, էլի վախս բռնեց Ձեզնից, վախենում եմ, վախենում, վախենո՛ւմ… Ցը՛ ։

Վահան

Р. Տ. Եթե Ձեզ դժվարություն չի պատճառե, ուղարկեցեք Անդրանիկի6 պատկերը, երևի այդտեղ լավը հանած կլինեն։ Շատ շնորհակալ կլինեմ։

22. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1995, 28 մայիսի, Ավճալա

Սոնա

Մի երկու օրից կճանապարհվեմ Գանձա (մեր գյուղը), այնպես որ եթե նամակ լինեք գրելու, գրեցեք այս հասցեով. Ахалкалаки, Вагану Тер-Григоряну. Այժմ նամակ գրել չեմ կարող` իսկի տրամադրություն չունեմ։ Հա, ծանոթացա Ձեր քրոջ` Մարիի