Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/199

Այս էջը հաստատված է

են ուղարկում մոտ ժամանակներս 200,000 ռուբլու զենք։ Եթե գնալու լինեմ, իհարկե, կարողացածիս չափ կտանեմ։ Ցոլակը մոտս է, բարևում է Ձեզ։ Պետք է մտներ բժշկական ֆակուլտետը, բայց միտքը փոխեց և մտավ իրավաբանական ու մինչև այժմ ավարա թրև է գալիս։ Ոչինչ, մյուս տարի միասին կսկսենք սովորել։

Լիզան չի եկել, ես ուրախ եմ։ [(Ներեցեք արտահայտությանս համար), դրա համար ես հիմնավոր տնտեսական հիմքեր ունեմ, բայց տեսեք, այդ մասին ոչ մի խոսք]:

Ձեր ծանոթ ուսանողներից ոչ ոքին համարյա չեմ տեսել և հավատացեք, որ իսկի ցանկություն էլ չունեմ տեսնելու։

Պարապելու մեծ ցանկություն ունեմ, բայց ոչինչ չեմ կարողանում անել։ Թվում է, որ ուզում եմ «հիմարանալ»։ Երևի անպատճառ կգնամ Կովկաս։ Հասցես կհաղորդեմ գնալիս և կգրեմ. այժմ գրությունը դեռ անորոշ է։

Ձեր եղբայրը սոցիալիստ է [և չափազանց եռանդուն, դե և իհարկե ծիծաղելի, սակայն Դուք զուր եք չարանում նրա վրա, նա լավ տղա է և նրան կարելի է լավ մարդ դարձնել, եթե կարողանան նրա հետ վարվել։

Թույլ տվեք Ձեզ կշտամբել դրանում։ Դուք չափազանց խիստ եք և կարծես Ձեր մեջ չափազանց քիչ սեր կա դեպի մարդը, և ես համարձակվում եմ պնդել, որ սիրով կարելի է անել ամեն ինչ և միայն նրանով կարելի է անել ամեն ինչ: Այդ մասին արժեր խոսել, բայց թողնում եմ հաջորդ անգամվա, որովհետև հիմա գլուխս խառն է, մեզ մոտ սարսափելի իրադարձություններ են սպասվում]։

Հայկոն այսօր եկել է մոտս, ես տանը չեմ եղել, թողել է նամակը, որ ուղարկեմ, որովհետև ես ասել էի, որ նամակ պիտի գրեմ։ Ձեր նամակը այսօր կհանձնեմ նրան։ Առայժմ ցը՝

Ձեր Վահան