Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/201

Այս էջը հաստատված է

30. Ս. ՕՏԱՈՅԱՆԻՆ

1906, 9 հունվարի, Ալեքսանդրապոլ

Սոնա

Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի, այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել։ Վերջերս այդ... գործադուլը մեր նամակագրությունն էլ դադարեցրեց։ Ճեմարանում էլ ուսումը դադարեց, և ես եկա Կովկաս... Ուզում էին այնտեղ թողնել բանվորների մեջ պրոպագանդ անելու, բայց չմնացի։ Մակինցյանը մոտս է։ Եկանք Ալեքսանդրապոլ։ Մինչև այժմ շրջում էինք գյուղերում, նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի։ Երևակայեցեք, ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն...

Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ, որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը, բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց։

Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա։ Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես ո՞ր դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է։ Ճիշտ է, կանանցով շատ է տարվում, բայց, Սոնա, ճիշտն ասած, մեզանից, տղամարդկանցից որը չի տարվում և եթե ուրիշները սուրբ են երևում, դա միայն նրանից է, որ նրանք դիմակի տակ են լինում։

Ավետիքը — անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն։ Նրա բանաստեղծություններն էլ — անմիջական զգացմունքի արտադրություններ են:

Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ։

Ծննդին Ղազարապատ գյուղումն էինք։ Ավետիքը այնտեղ պահած ունի մի մեծ պոեմ (մոտ 200 երես) «Մասսա Մանուկը» վերնագրով, որ թաղած է եղել հողի տակ մի քանի տարի՝ վախենալով խուզարկությունից։ Ահա այդ պոեմը պիտի կարդար մեզ, և դրա համար մենք Անիից վերադառնալիս եկանք