երևույթին դա էլ շուտ չի լինի։ Զորեղ պրոպագանդ են անում զորքերի մեջ։ Բայց այստեղի հեղափոխական Ս-Դ-ները գոնե ըստ երևույթին շատ վատ են զինված... Մի կամպանիա ենք սարքել ամառը պրոպագանդ անելու Կովկասում, այդ մասին էլ եթե գրես, լավ կանես, այսինքն կընդունե՞ն, թե՞ չէ։
Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությունը։ Իհարկե համոզված լինելով, որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորհքով հրատարակել, քո անհուն աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկերը։ Պարոն գերմարդ, այդ ի՞նչ է պատահել, որ այժմ սկսել ես «հացի երգեր» ասել։
Լևոնիկին բարևներ։
Առայժմ այսքանը։
35. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Ստացա Ձեր նամակը, բայց մինչև այսօր չկարողացա պատասխանել։ Երկար սպասեցի Ձեզնից 6 մարկ «Русские ведомости» համար, բայց չստացա։ Այժմ շտապում եմ այս կարճ նամակով պատասխանել Ձեր նամակին։
Շուտով մեր ճեմարանում կսկսվեն քննությունները, այնպես որ կարող եմ ասել, որ զբաղված եմ և ոչ թե գրելու, այլ կենտրոնանալու ժամանակ չի լինում։ Առանձին ուշադրության արժանի նորություններ չկան առայժմ։ Գործերս կարծես թե հաջող են գնում։ Գլուխս սաստիկ ցավում է, Սոնա, ներեցեք, որ չեմ կարող երկար գրել։ Գրեցեք այդտեղից ձեր մասին, հետաքրքիր է։ Մի քանի օրից գուցե կարողանամ կգրեմ, իսկ դուք, Սոնա, գրեցեք։
Հայկանուշը եկել էր, երևաց մի օր և հիմա էլ չկա՝ չգիտեմ ո՞ւր կորավ։