39. Գ. Մկրտումյանին
(հեռագիր)
Հաշտարխան, Մկրտումյան քահանային, հանձնել Ցոլակին։
Ազատ եմ, նամակ։
40. Ց. Խանզադյանին
Շնորհավոր Նոր տարի
(Да будет проклят прошлый год!)
Սիրելի Ցոլակ
Վերջապե՜ս կարող եմ քեզ գրել. Commedia est finita! В чем же состоит эта «Commedia Divina»: Ուրեմն լո՜ւր։
Դեկտեմբերի 2-ի երեկոյան Օնիկը ինձ մոտ եկավ գիշերելու. նախընթաց օրը (կամ երկու օր առաջ) Մեսնիկը գնացել էր Նախշվան: Օնիկը առանց հանվելու պառկեց քնելու, իսկ ես կարդում էի Պշիբշևսկու«De profundiS»-ը: Նոր էի պառկել, հանկարծ ահռելի աղմուկով ներս են թափվում մի քանի գորոդովոյ, պրիստավը, օկոլոտոչնին և մի լրտես և սկսում են խուզարկել սենյակս։ Ես և Օնիկը հանգիստ կերպով և բավականին յումորիստիք տրամադրությամբ հետևում էինք նրանց։ Հավաքեցին իմ բոլոր սկսված և չվերջացրած «վեպերը», բոլոր նամակներս և բրոշյուրներ։ Ապա Օնիկից հարցրին տոմսակ, որը բացակայում էր:
Ապա բացին շկաֆը, ուր ընկած էր Ալեքսանի շլյապան լրագրով փաթաթած։ Ոչ ոք չէր մոտենում, կարծելով, որ ռումբ է. վերջապես Օնիկը վերցնում է շլյապան և մոտենալով պրիստավին, ծիծաղելով պատռում է թուղթը և ասում.
— Да это шляпа! шляпа!
Մենք հռհռում ենք: