Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ո՛չ իբրև մի մարգարեի, այլ իբր իրենց ծեր «աղային», «բարի կալվածատիրոջը»։ Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել։ Գյուղացիների թիվը շատ քիչ էր և դրանք մեծ մասամբ Յասնայա Պոլյանայից էին— Տոլստոյների կալվածքից։
Այդպես Մարգարեին դարձրել էին սովորական կալվածատեր։
Արդյոք Տոլստոյի՞ն ենք թաղում մենք։ Մի՞թե կարելի է այդպես թաղել Լև Տոլստոյին։
Ռուս գրողների, հասարակական գործիչների և գիտնականների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը բացակայում էր։ Մի երկու֊երեք հոգի միայն եկել էին հարգելու մեծ գրողին:
Տոլստոյի ընտանիքը ևս կարծես ուզում էր այնպիսի կերպարանք տալ թաղմանը, իբր թաղում են իրանց և Նիկոլայևիչին, իրենց հորը և ոչ այն և Տոլստոյին, որը ամբողջ աշխարհին, բոլոր մարդկությանն է պատկանում:
Ես տեսա նրա տանջված դեմքը։ Այդ դեմքը այնքա՜ն փոխված էր։ Այնքան նման չէր այն լուսանկարներին, որ մենք տեսնում ենք միշտ։ Դա մարտիրոսի, սրբի դեմք էր։ Նա լի էր լուսեղեն խաղաղությունով և պայծառ հանգստությամբ։ Նրա վրա տխուր մտածությունները և խորը տանջանքը գրել էին իրենց կնիքը, սակայն այդ կնիքը չէր խավարեցրել այդ դեմքի վսեմ պայծառությունը։
Ես չեմ կարողանում հավատալ, որ չկա Լև Տոլստոյը՝ մեր սիրտը մխիթարող, մեր խիղճը արթնացնող, մեր չնչին վատությունը վեհանձնաբար և սրտագին ներելու և արդարացնելու զորությունն ունեցող միակ մարդը։
Կարելի է չհամաձայնել և Տոլստոյի այս կամ այն կարծիքին, սակայն նրա իդեալը՝ մեր բոլորիս իդեալը պետք է լինի, որովհետև նա անժխտելի է և հավիտենական։
Մենք ամենքս կրկնություններ ենք— Տոլստոյը անկրկնելի՛ է։ Այն, ինչ մեզ համար մահ է— Տոլստոյի համար մի ուրիշ, նոր, ավելի լուսավոր և իմաստալից կյանք է։
Եվ ահա այդ կյանքը, այդ նոր կյանքն է սկսվում Տոլստոյի համար: