Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/256

Այս էջը հաստատված է

— խնդրիր գրի, գործերս կարգի գցեմ կգրեմ։ Կոլային և Գագիկին ողջույն, Պիճիկին14, Հայկին, Հայկո— Վարիա — Սոնիա —K°-ին:Գրիր և ասա գրեցեք:


Քո Վահան

66.Ց.ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1908, 4—8 մայիսի, Թիֆլիս>

Սիրելի Ցոլակ


Այսօր գնացել էի Հովհ. Թումանյանի մոտ «Իլիա Մուրոմեց»-ի թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու։ Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին։ Նա հետաքրքրվեց, և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը։ Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը, մտնում ես մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և ընտիր գրքերով։ Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում մի այդպիսի բանի հանդիպելու հայ գրողի-բանաստեղծի մոտ։

Գնացել էինք Սաթենիկի2 հետ։

Ընդունեց շատ սիրալիր։ Մոտս էր Հովհաննիսյանի «Բանաստեղծությունները», որի մասին խոսեցինք։ Ես հայտնեցի այն միտքը, որ ես ավելի լավ կարծիքի էի այդ բանաստեղծի մասին նախքան այդ Ժողովածուն կարդալս։ Նա համաձայնեց։

Ապա տեսնելով ոտանավորներիս տետրը՝ ասաց, որ իրան ավելի է հետաքրքրում այդ «նոր բանաստեղծի տետրը»։

Պետք է նկատեմ, որ ես քաշվում էի, մանավանդ որ, չնայած իր պարզության, նա իմ վերա տպավորություն գործեց։ Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ։ Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնը— չգիտեմ։

Նա սկսեց թերթել, տետրս։ Սաթենիկը շուտով գնաց, որովհետև