Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/257

Այս էջը հաստատված է

ասացին, որ Օնիկը եկել է (իսկ նա ինչ-որ խաղ է սկսել վերջինիս հետ)։ Մնացինք ես ու Թումանյանը։

«Մի բան, որ իմ առաջին պահանջն է ամեն մի սկսնակ գրողից,— ասաց նա,— դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն — նոր բան բերո՞ւմ է այդ մարդը կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու։ Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես։ Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում։ (Օրինակ է բերում Ահարոնյանին, որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի)։ Հետո խոսում է արվեստի վերա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով, որ ասում է. «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը դրական ասպարեզ-բարով եկաք»:

Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին՝ գովասանական, թե վատաբանական լինեն նոքա — միևնույն է։

Դուք, ասում է նա, ավելի լավ եք սկսում, քան մենք։ Ես նկատում եմ, որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են։ Ընթերցողի համար դա նշանակություն չունի, նկատում է նա, երբ ես իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք, ուզում եմ, որ նա բավաբարություն տա իմ պահանջներին, ես պարտավոր չեմ հաշվի առնելու նրա ստեղծագործության պայմանները։ Հետո խոսեցինք այլ խնդիրների մասին, որ կհաղորդեմ բերանացի։ Մի քանի տեղին և նուրբ նկատողություններ արեց, որ ես աչքի առաջ կունենամ, իհարկե։

Համենայն դեպս երևում է, որ խելացի և տաղանդավոր մարդ է։

Ի միջի այլոց խոսեցի մեր Ալմանախի մասին, և երևակայիր, ասում է, որ իրանց մեջ էլ միտք է հղացել մի այդպիսի գործ սկսելու և արդեն կազմել են պոլսեցի և ռուսահայ գրողների ցուցակը, որ պիտի մասնակցեն։ Արդյոք սա չի՞ խանգարի մեր գործին։ Համենայն դեպս այստեղ կոնկուրենցիայի խնդիր է ծագում։

Հա, ասում է, որ նա (Թումանյանը) իր գրքից մի օրինակ հանձնել է մեկին՝ Ծատուրին ուղարկելու և մեկը՝ Յարճանյանին, սակայն նորերս մեկ ուրիշից լսել է, իբր թե նա, ում հանձնված է եղել գիրքը, առաջին թերթը պատռել է (ուր մակագրություն է