67. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Երեկ ստացա ուղարկածդ 45 ռ.։ Որովհետև դու «կարծում ես» դեռ, որ փողը ուշացնելը և մաս-մաս ուղարկելը տպագրության գործին չի խանգարի, ուզում եմ հայտնել քեզ, որ «ռեալ իրականությունը» բոլորովին այլ բան սովորեցրեց ինձ. այդ մաս-մաս ուղարկելը և մանավանդ ուշացնելը գործին շատ խանգարեց և առնվազն մի 20—25 օրով հետաձգեց գրքի լույս տեսնելը։ Այժմ գիրքը արդեն պատրաստ կլիներ, եթե իր ժամանակին ուղարկած լինեիր բոլոր փողը (իհարկե, ես քեզ չեմ մեղադրում, այլ ուզում եմ ասել, որ քո «կարծեմ»-ը շատ անհիմ է: Իհարկե կգիտենաս, որ այստեղ մնալս էլ ձրի չէ և փող է նստում, այնպես որ մինչև վերջնականապես պարզ որոշվեց դրությունս, ես բավականաչափ ծախքեր ունեցա և այժմ երևի տպագրությունից հետո կազատվեմ նեղ դրությունից միայն շնորհիվ այն հանգամանքի, որ Լևոնյանը խոստացավ «ավանս» վճարել 25—30ռ., որը և կծածկե տպագրության մնացյալ ծախսերը։ Գիրքը արդեն հանձնված է տպագրության և երկուշաբթի պատրաստ կլինի առաջին շարքը։ Սակայն այժմ ես արդեն անկարող կլինեմ մնալ այստեղ մինչև գրքիս տպագրության վերջը և ստիպված կլինեմ հեռանալ մի քանի օրից։ Կգնամ գյուղ։ Դա մի սոսկալի անհրաժեշտություն է, սոսկալի, մանավանդ որ իմ հոգեկան տրամադրությունը շատ հեռու է բավարար լինելուց։
Մի բան ճնշում է ինձ, այնպես է ճնշում, որ թվում է թե կխելագարվեմ։
Դուրսը, փողոցում և այլ տեղեր «մոռացվում» եմ (забываюсь) երեսանց, խոսում եմ, ծիծաղում, հանաքներ անում, հայհոյում... երկմտություններ ասում տիկնանց և օրիորդներին, սակայն միշտ զգում եմ մի խորին տխրություն։ Է՜հ, ես ինքս էլ չգիտեմ ի՞նչ է կատարվում իմ մեջ. միայն գիտեմ, որ լավ չեմ և որ գյուղ գնալս ինձ չի լավացնի։ Սակայն միակ ելքը դա է, և ես ստիպված եմ հպատակվելու անհրաժեշտության։ Սաստիկ ցրված են մտքերս։