Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/26

Այս էջը հաստատված է

ամփոփել երկու հատորում, քանի որ միայն «Анна Каренина»-ն բռնում է մոտ հազար երես։ Կամ գուցե Տոլստոյի այդ գրվածքը Հրատարակչական Ընկերության դատաստանի առջև «լավագույնների» տիտղոսին չի արժանացել։ Այդ դեպքում հետաքրքիր է իմանալ խիստ դատավորների պատճառաբանությունը, քանի որ ամբողջ մարդկությունը մոլորված է և «Анна Каренина»-ն մի անմահ գեղարվեստական գործ է համարում, Տոլստոյի, և ոչ միայն Տոլստոյի, այլ ամբողջ համաշխարհային գրականության «լավագույն» գործերից մեկն է համարում…

Հետո։ Ինչո՞ւ Դոստոևսկու «Հանցանք և պատիժ»-ն է միայն արժանացել Հրատարակչական Ընկերության բարձր ուշադրությանը։

Ինչո՞ւ Գարշինը և ոչ Չեխովը, Ուսպենսկին, Կորոլենկոն, Գոգոլը, Լերմոնտովը և այլն:

Արդյոք միտք ունի՞ այդ տեսակ գործունեությունը և արդյոք կարո՞ղ է նա համակրություն և խրախուսանք վայելել խելքը գլխին ինտելիգենտի կողմից։

Ինձ թվում է, որ ոչ։

Եթե մի Կիրակոս, մի Մարկոս վերցնի և հրատարակի «Война и мир»-ը կամ մի այլ այդ տեսակ գրվածք առանց կապելու այդ որոշ ծրագրի հետ, մենք ոչինչ չենք ասի նրան, գուցե և շնորհակալ լինենք։ Բայց Հրատարակչական Ընկերությանը մենք այլ պահանջներ ենք դնում։ Չէ՞ որ այդ ընկերությունը մեզնից պահանջներ է անում, ուրեմն մենք էլ իրավունք ունենք նրանից պահանջներ անելու։ Այդ ընկերությունը պահանջում է, որ ամբողջ հայ ազգը անդամագրվի և փող տա իրան։ Բայց ո՞ր արժանիքի, ո՞ր խելացի և մտածված գործի կամ գոնե ծրագրի համար։

Խոսքս, իհարկե, հաստատված կանոնադրության մասին չէ, այլ կոնկրետ ծրագրի, քանի որ կանոնադրության մեջ հիշված է ընկերության լոկ ընդհանուր նպատակը, իսկ այս դեպքում մեզ հետաքրքրում է որոշ, ժամանակավոր ծրագիրը, կոնկրետ մանրամասն գործունեության նախագիծը։

Արդյոք ի՞նչ հիմնական գաղափարով է ղեկավարվում Հրատարակչական Ընկերության վարչությունը, արդյոք ունի՞ նա այդպիսի մի ղեկավարող սկզբունք։

Ինձ թվում է, որ ոչ։