Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/263

Այս էջը հաստատված է

ուղարկեն և եթե չտպագրենք նեղանալով հեռանան, նա ասաց, որ նախ նոքա վատ բաներ չեն ուղարկի, որովհետև կամաչեն, երկրորդ՝ գրողի համար մեծ նշանակություն ունի, թե որտեղ է լույս տեսնում իր գրվածքը և այլն։ Շանթը բավականին լավ տպավորություն գործեց վրաս, չեմ ուզում ասել շատ լավ, որպեսզի հետո հանկարծ չհիասթափվեմ, սակայն իսկապես նա ինտելիգենտ և համակրելու մարդու տպավորություն է գործում։

Այսօր պետք է տային գրքիս առաջին շարքի կոռեկտուրան, սակայն չգիտեմ Եմելյանը ստացե՞լ է, թե՞ ոչ — այժմ ժամը 11-ն է, այնպես որ գալովս նրա մոտ չգնացի։

Rommel-ին ասա, որ նա իզուր է շտապ-շտապ ուղարկում իր աշխատությունները — դա լավ չի, նախ՝ որ կսկսեն ընտրություններ անել, երկրորդ դրանով նրա գինը կընկնի, նամանավանդ, որ «Գեղարվեստ»-ի երկրորդ գիրքը միայն ամսիս վերջին հազիվ լույս տեսնի և առհասարակ կասկածելի է, որ երկար ապրի այդ թերթը, որովհետև կարծեմ նյութականապես արդեն կաղում է, և խմբագիրն էլ ավտորիտետ չունի, ինչպես թերթը (իհարկե, թերթը իրա վրա ուշադրություն դարձնում է, սակայն ավելին էին սպասում, քան տվեց)։ Մի խոսքով մեր գրական ասպարեզը բավականին ամուլ ու խղճալի է։ Սոսկալ հետամնացություն ու տգիտություն։ Վաղը կգա Ավոն, որի վրա սիրահարված է (և թունդ) մի աղջիկ, Սոֆիկ Քոչարյան անունով, որին լավ ծանոթացա։ Վաղը այդ աղջկա հետ գնում ենք նրան դիմավորելու։ Իմ այստեղ մնալս էլ Ավոյի համար էր, որովհետև գրել էր, որ մնամ, ինչպես ասաց այդ աղջիկը։

Չմոռանաս գիրքս հղելու համար հետդ հասցեներ բերել, գոնե Նախիջևան, ուր հույս ունեմ, որ ծախվի, թե չէ կմնամ գյուղում... Օ՞, սոսկալի և մութ հեռաստան։

Բարևներս Ռոմմելին, Ալյոշին, Գագիկներին, Կոլին և մերոնց բոլորին։


Քո Վահան

Կուսիկյանին ու Ծատուրին ասա շտապեն, ես այստեղ նրանց անունով եմ խոսում, կխայտառակվենք, սուտ դուրս կգանք։ Առանձնապես բարևիր նրանց և Կյալի ընտանիքին։

[Հույս դրի քո վրա և քահանա Մկրտումյանին ուղարկեցի երկու բանաստեղծություն։ Ծուլանում եմ որոնել այդ լրագիրը]: