Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/267

Այս էջը հաստատված է

իշխանության շրջանը։ Իմ տպավորությունները այնքան շատ են և բազմատեսակ, որ դժվարանում եմ կարգի բերել ու արտահայտել— մանավանդ, որ թռուցիկ լինելով նոքա կարող են խաբել ինձ։ Միայն մի բան ինձ համար պարզ է` մեր գրականության և մամուլի աշխատավորները կամ խղճալի են իրենց տգետությամբ, կամ զզվելի իրենց երկերեսանիությունով։ Իսկ եթե կան դրանց մեջ գրական ազնիվ դեմքեր, դոքա մեծ մասամբ մնում են ստվերի մեջ ու չգնահատված։ Ահա թե ինչո՞ւ ինձ չափազանց մոտիկ է Ալմանախի հրատարակության գաղափարը, ուր գրողը կգնահատվի անկախ որևէ խնամիական և այլ դիտողություններից։

Գրքույկս արդեն տպագրվում է և շուտով պատրաստ կլինի թեև տպարանատերերի խոսքին արդեն սովորեցի հավատ չնծայել և երևի որոշած ժամանակից կուշանա գրքույկի լույս տեսնելը:

Ցոլակին գրել եմ, որ Ձեր հասցեն վերցնի և լույս տեսնելուն պես (իսկույն) կուղարկեմ։

Ի միջի այլոց դաշնակցականները, որ պաշտոնապես հայտարարել են, թե չեն մասնակցում կաթողիկոսական ընտրություններին, բոլորը իբրև անհատներ մասնակցում են այդ ընտրություններին և շատերը իրենց թեկնածություններն են դրել պատվիրակության համար։ ներեցեք, բայց ես դա կարող եմ միայն պոռնկություն անվանել։ Սակայն մի բան արդեն պարզ է. այդ խուլիգանների խմբակցությունը այսօր էգուց բոլորովին կքայքայվի։ Դա պարզ է արդեն այդ խմբակցության անդամների համար և նոքա արդեն մտահոգված են տաքուկ տեղեր ձեռք բերելու և հանգստանալու։ Մի խոսքով լավ է այդ մասին չխոսել։ Մի քանի օրվանից կգնամ գյուղ, որովհետև այստեղ մնալ այլևս անկարող եմ։ Գրքույկի հետևյալ սրբագրությունները իր վրա վերցրեց Տիգրան Զավեն — «Երկրի Ձայն»֊ի խմբագիրը:

Ցոլակը գրել էր, որ մեզնից հետո դուք դեռ լավ քեֆ եք արել:

Իմ սրտագին բարևները տիկնոջը, Ջուզեպպեին և Գոհարիկին,

Ձեր Վահան

Հ. Գ. Ներեցեք, որ պարզ չեմ գրել, այնպիսի պայմաններում գրեցի այս նամակս, որ այլ կերպ չէր կարող լինել։