Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/268

Այս էջը հաստատված է

71.Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1908, 28 հուլիսի <Գանձա>

Սիրելի Ցոլակ

Քեզ մի նամակ գրել էի ի պատասխան քո նամակի, սակայն մինչև օրս ոչինչ չես գրում։ Ի՞նչ է պատճառը, չգիտեմ։ Մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկում: Դրությունը վատ է, իմ տրամադրությունը՝ ամենից վատ, իսկ գործերս՝ ավելի ևս։ Օգոստոսի 10 — 15-ին մտադիր եմ գնալ այստեղից։ Դու ե՞րբ ես ուղևորվում Մոսկվա։ Ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես գրում։ Ի՞նչ նորություն։ Մերոնք բոլորը հեռացել են գյուղից էկզեկուցիայի պատճառով — ես ու հայրս ենք։ Երկու կին ահից մեռել են, իսկ կազակները միայն վաղը դեռ պիտի գան գյուղ։ Գրիր։

Վահան

72. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

1908, 9 օգոստոսի <Գանձա կամ Ախալքալաք>

Սիրելի բանաստեղծ

Ներեցեք, որ այսքան ուշ եք ստանում գրքույկս։ Բանն այն է, որ ես Թիֆլիսից հեռացա, երբ դեռ գրքույկս ամբողջապես պատրաստ չէր և գործերը հանձնեցի մի ընկերոջ, որից միայն այսօր ստացա մի քանի օրինակ գրքիցս։ Օգտվելով առիթից, հայտնում եմ Ձեզ իմ երախտագիտության զգացմունքները, քանի որ Դուք առաջին մարդը եղաք, որ խրախուսեցիք ինձ գրականության ճանապարհում։ Այս մի քանի ամիսների ընթացքում, ընկած գյուղում, գրեթե բոլորովին կտրված էի աշխարհից և նույնիսկ ամենամտերիմ ընկերներիս հետ չկարողացա նամակագրություն ունե նալ, այնպես որ այժմ կարծես թե պատրաստվում եմ գերեզմանից դեպի կյանքը դաոնալու, երբ մտածում եմ, որ շուտով կլինեմ Մոսկվայում։ Գրեթե ոչ մի տեղեկություն չունեմ ոչ ոքից և ոչնչից։

Լրադրներ գրեթե չէի կարդում։