Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/275

Այս էջը հաստատված է

ինձ խանգարում է գնալ իմ ճամփով, թերևս, կամ նույնիսկ ամենայն հավանականությամբ «աննպատակ» ճամփով, ինչպես արտահայտվում է բանաստեղծը, որովհետև արդեն հանրածանոթ է այն միտքը, որ ամենայն արվեստ «աննպատակ» է։ Իմ պատասխանը գուցե բավականաչափ հանգամանալից չէ, բայց, Անտյա, չէ՞ որ հանգամանորեն պատասխանել, նշանակում է այնքան շատ գրել, որ չեք էլ կարդա, բացի այդ, դրա համար կպահանջվի շատ-շատ ժամանակ և կենտրոնացում, որովհետև դժվար է տրամադրությունների ու ապրումների քմահաճ, արտասովոր զուգակցության մեջ որսալ հիմնականը, էությունը և այն հաղորդել կարճառոտ, ընդսմին պարզորոշ ու ճշգրիտ, երբ դեռևս ճշգրիտ սահմաններ չկան քո իսկ մեջ, երբ դեռևս ամեն ինչ անորոշ մշուշի մեջ է:

P.S. Հա՛, Անտյա, ես ձեզ կուղարկեմ իմ բանաստեղծությունները՝ գիրքս, որը գուցե չեք կարողանա կարդար Չէ՞ որ նա հայերեն է գրված։ Միևնույն է, պահեցեք դա ինձնից հիշատակ։ Տոներին միտք չունե՞ք Մոսկվա գալու։

Այդ ինչո՞ւ լքեցիք բժշկությունը։ Ափսոս, եթե ձեր այդ որոշումը վերջնական է, որովհետև, ինչպես ձեզ ասել էի, եթե կինն ինքնուրույնություն է որոնում, ապա դա կարող է տալ միայն այնպիսի մասնագիտությունը, ինչպիսիէն բժշկությունն է։

Վահան

Ներեցեք, որ այսպես անփույթ եմ գրել։ Սեղմում եմ ձեր ձեռքը։ Ամենայն բարիք։ Բարևեցեք Սողոմոնյանին, եթե հանդիպեք։ Ձեր Վահան։

Կարծում եմ, այնքան շատ գրեցի, որ ձեր աչքերը կհոգնեն կարդալուց և մի անգամ չէ, որ կասեք՝ «ե՞րբ պիտի վերջանա»։

78. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 27 նոյեմբերի

Ուղարկում եմ ձեզ գրքույկս և կարծում եմ, դրանով ինչ-որ չափով արտահայտած կլինեմ անկեղծ համակրանքիս զգացումը, որ տածում եմ ձեր հանդեպ, ինչպես և սրտակցությունս։ Ձեր նամակն