Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/283

Այս էջը հաստատված է

պնդի, այնպես որ ես ստիպված չեմ լինի նամակը ցույց տալ նրան։ Բայց նա խլեց նամակը սեղանից և սկսեց համառորեն խնդրել, որ թույլ տամ կարդալու։ Ես դա անհարմար էի համարում և երկար դիմադրում էի, բայց հետո որոշեցի զիջել նրա ցանկությանը։ Ընդ որում իմ մեջ միտք առաջացավ, որն ստիպեց այդ անելու: Ինձ համար տհաճ էր այդ անել, չունենալով ձեր թույլտվությունը, բայց ինձ մասամբ արդարացնում էի այն հանգամանքով, որ ձեր նամակում դուք չեք խոսում այն մասին, որ ոչ ոքի, կամ էլ Կոլյային ցույց չտամ նամակը։ Ճիշտն ասած, սա ձևական արդարացում է, բայց ավելի իրական արդարացում կարող է լինել թեկուզ այն, որ դուք չէ՞ որ չեք վախենում նույն բանն ասել Կոլյային իրեն, և եթե դա ձեր տեսակետն է, ապա, հավանաբար, կարող էիք նույն բանը գրել և նրան, եթե հարկ լիներ։ Բացի այդ, ինչպես վերևում նշեցի, իմ գլխում մի միտք ծագեց, որ ես պարտավոր եմ այդ նամակը Կոլյային ցույց տալ, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում որևէ թյուրիմացությունից խուսափելու համար։ Մի խոսքով, իմ վիճակը նախանձելի չէր։ Ես երկու կրակի արանքում էի։ Ես չգիտեմ, արդյոք դուք իմ դրության մեջ կմտնե՞ք։ Իհարկե, ես չկարողացա ձեզ ամեն ինչ պարզաբանել, ինչ որ պետք էր, բայց ախր բանն այն է, որ ինձ համար էլ այդ ամենը շատ պարզ չէր։ Երևի ես ընտրել էի լավագույն ելքը։ Հույսս դրել եմ ձեր բարության վրա։ Ես հույս ունեմ, որ կներեք ինձ։ Բայց հերիք է սրա մասին։

Հիմա տանը նստած եմ մենակ և «դիմավորում եմ» Նոր տարին։ Ողջունում եմ այդ Նոր տարին։ Ողջունում եմ ձեզ՝ Նոր տարվա առթիվ։ Ես ինձ վատ չեմ զգում իմ միայնության մեջ և ոչնչից ու ոչ ոքից չեմ գանգատվում։ Ուզում եմ երկա՜ր-երկար նստել մենակ ու խորհել։ Ուզում եմ եղածը հանրագումարի բերել։ Հազիվ թե դա ինձ հաջողվի։ Սակայն, ի մի բերելով եղածը, ես հավանաբար գոհունակությամբ պիտի արձանագրեմ այն փաստը, որ ի դեմս ձեր ես կունենամ մի լավ, անկեղծ բարեկամ… Դա ինձ շատ է ուրախացնում։ Առայժմ դադարեցնում եմ գրելը, որովհետև այլևս չեմ կարող հանգիստ գրել։ Նամակս հետաձգում եմ առավոտվան։ Առավոտյան ուզում եմ պատասխանել ձեր նամակի մի քանի հարցերին։