Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/289

Այս էջը հաստատված է

≤ահա հենց այդ էր, որ ինձ ստիպեց մտածելու ընդհանուր ապատիայի վերաբերյալ վերևում ասվածի մասին։ Եվ «նախազգուշացնել» ձեզ, որ չենթարկվեք դրան։ Ինքնավերլուծությունը, ինքնաքննադատությունը գռեհիկ ինքնագովությունից խուսափելու լավագույն միջոցն են, բայց չպետք է մոռանալ և այն, որ անարդարացի վերաբերմունքը իր անձի նկատմամբ ավելի վատթար բան է, քան նույնը ուրիշ մարդկանց վերաբերմամբ։ Պետք է կարողանալ կամ գոնե ջանալ իրեն «ըստ արժանվույն» գնահատել։ Ես իհարկե ձեզ այնքան լավ չեմ ճանաչում, որ նպատակ դնեմ դատելու ձեր մասին, բայց և այնպես համոզված եմ, որ համենայն դեպս դուք այնպես վատը չեք, ինչպես «նախշել եք» ձեզ։ Դա ինձ համար կասկածից դուրս է։

Այսպես ուրեմն, ես և դուք, Անտյա, պետք է մեզ համար մշակենք այն, ինչ հիմա չունենք՝ կուռ աշխարհայեցողություն։ Դրա համար մենք ստիպված կլինենք շատ աշխատել, բայց այնքան օրինավոր լինենք, որ չվախենանք դրանից։ Եվ եթե չկարողանանք մեր նպատակին հասնել, և աշխարհը մեզ համար մնա պատահականությունների և հաջողության կամ անհաջողության ասպարեզ, բոլորովին անհասկանալի մնա կյանքը, ապա գոնե մենք հանգիստ կկարողանանք ասել, որ «չկարողացանք», ուրեմն դա պետք է մեզ ներվի, քանի որ մենք ցանկանում էինք, բայց չկարողացանք։ Թե չէ տարիները կթռչեն ու թերևս վրա կհասնի մի օր, երբ վհատորեն կզգանք, որ մեր ուժերը, մեր լավագույն տարիները վատնված են դատարկ բաների վրա, և մենք նույնիսկ չգիտենք ինչ բան է անկեղծ, ուժգին ցանկությունը, դառն կասկածը, գտնելու ուրախությունը և գտածի կորուստը` նորանոր որոնումների համար և այսպես շարունակ… Այս բոլորը ես գրում եմ, Անտյա, իհարկե նաև նրա համար, որ դա մեծ չափով վերաբերում է և ինձ։ Ես ինքս եմ շահագրգռված։ Ես ինքս շատ եմ մտածել ու տառապել այդ բոլորի առթիվ։ Իհարկե, ինչպես հարկն է, մենք կխոսենք, երբ տեսնվենք, որովհետև համոզված եմ, որ նամակում չարտահայտեցի այն ամենը, որ կուզենայի արտահայտել։ Դա շատ դժվար է։ Առավել ևս, որ ինչպես տեսնում եք, առանց այն էլ նամակս անթույլատրելի կերպով աճեց։ Բայց և այնպես, դեռ չեմ վերջացրել։ Մի քանի խոսք Կոլյայի մասին։ Դուք չե՞ք զայրանա։ Նա ճամփից դուրս է եկել և, եթե կուզեք իմանալ, «փչացել