Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/290

Այս էջը հաստատված է

է»։ Ես դժբախտաբար չեմ կարող ստույգ որոշել, թե դրա պատճառն ինչ է, բայց որ նա կանգ է առել, որ ետ է մնացել և օրեցօր ավելի ու ավելի է ետ մնում, դա փաստ է։ Որ նա չի անի այն, «ինչ կարող է» կամ ինչ «կարող կլիներ», դեռ վերջնականապես չեմ կարող ասել, բայց որ դա որոշ չափազանց հիմնավոր կասկածներ է հարուցում՝ այդ չեմ ժխտի։ Եվ ինձ համար ցավալի է, շատ ցավալի է, որ նա կյանքի «լավագույն» հարցերին վերաբերվում է կամ թեթևամտորեն, կամ անփույթ, անտարբեր։ Դա վատ նշան է։ Նրան ուղղած ձեր մեղադրանքը «շինծու անկեղծության» մեջ (լավ բնորոշում է, դա ինձ շատ դուր եկավ) ես միանգամայն տեղին գտա և նրան ասացի այդ մասին։ Ինչ վերաբերում է ալն «առանձնահատուկ», «տարօրինակ» զգացմունքին, որ տածում եք դեպի նա, ես, կարծես, կռահում եմ այն։ Բայց ավելի լավ է, եթե իմանամ, թե դա ինչ զգացմունք է։ Քի՞չ անհաջող կռահումներ կարող են լինել։

Ավարտում եմ նամակս։ Ուզում եմ մի քանի խոսք ասել իմ տրամադրության մասին։ Ուզում եմ արև՜։ Արև՜ եմ ուզում, Անտյա։ Մարդ դուրս գա լուսավոր դաշտ, աննպատակ թափառի… Որքա՜ն ուրախ կլիներ արևի տակ, արձակ դաշտում, անսահման տարածություններում.. Շո՞ւտ պիտի գա գարունը, անուշ, գեղեցիկ գարունը՝ արևոտ, լուսավոր, պայծառ…

Վահան

Գրեցե՛ք։ Դուք հիմա պարտք եք, ճշտապահ եղեք և պարտքը հատուցեք տոկոսներով, այլապես ձեզ դատի կտամ, սեփական լավ դատիս։ Վախեցեք նրանից և գրեցեք շուտով և մանրամասն։

85. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1909, 9 հունվարի

Այս օրերին շարունակ պատրաստվում էի գրել ձեզ, սիրելի Անտյա, ի պատասխան ձեր հունվարի մեկի նամակի, բայց դա մի տեսակ չէր հաջողվում ինձ։ Այսօր ձեզնից ստացա մի մեծ նամակ,